կարևոր
10021 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-10 15:26
Իրավական

Որպես Սուրեն Մանուկյանի պաշտպան, խնդրում եմ դատարանին ապահովել օրենքի ճիշտ կիրարկումը․ Ռաֆիկ Մելքոնյան

 Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում շարունակվւմ է Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատական նիստի ժամանակ Սուրեն Մանուկյանի փաստաբանը, դիմելով դատարանին ասաց․ «Հանրային մեղադրողը զարմանում է, թե  պաշտպանության կողմը մտահոգված է, որ կարող է խախտվել  օրենք։ Այդ սքրին-շոթ փաստաթղթերի ձեռքբերման աղբյուրը քրեական հետապնդման մարմինը չի բացահայտել, այդ աղբյուրը կարող էր լինել Խաչատուր Քոքոբելյանին պատկանող հեռախոսը, ինչո՞ւ հեռախոսը չկա, ինչո՞ւ իրեղեն ապացույց չի ճանաչվել, ինչո՞ւ  չկա համապատասխան փորձագիտական եզրակացություն, որ այդ սքրին-շոթը ստացվել է այդ հեռախոսից․ սա օրենքի խախտման հիմք չէ՞»,-ասաց փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։
Նույն խնդիրը բարձրաձայնեց Սուրեն Մանուկյանը։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։

Հայտնենք նաև, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։

Մանրամասն՝ տեսանյութում։