|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն անդրադարձել է ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելուն՝ նշելով, որ այդ մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․
«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն աջակցելու պայմաններում իշխանությունները պարտավոր են հստակ ներկայացնել ծրագրի նպատակները, պայմաններն ու ակնկալվող արդյունքները։
Մենք դեմ չենք ժողովուրդների միջև երկխոսությանը և ակադեմիական համագործակցությանը, սակայն նման նախաձեռնությունները պետք է հիմնված լինեն փոխադարձության, հավասարության, թափանցիկության և ազգային շահերի պաշտպանության վրա։ Հայ երիտասարդությունը չպետք է վերածվի արտաքին քաղաքականության քարոզչական գործիքի։
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝
հրապարակել ծրագրի ամբողջական բովանդակությունն ու իրականացման պայմանները,
ներկայացնել թուրքական կողմի պարտավորությունները և Հայաստանի համար ակնկալվող արդյունքները,
բացառել Հայոց ցեղասպանության հարցի նսեմացմանը, պատմական հիշողության աղավաղմանը կամ ազգային շահերի ստորադասմանը նպաստող ցանկացած համագործակցություն։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դեմ է ազգային արժանապատվության հաշվին երկխոսություն պարտադրելուն և պահանջում է հանրությանը ներկայացնել, թե ինչպես է այս նախաձեռնությունը ծառայելու Հայաստանի Հանրապետության շահերին։
Մեր պատմությունը սակարկության առարկա չէ՛։ Մեր ազգային արժանապատվությունը՝ նույնպես»։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում քննարկվող հարցերից մեկն է նաև երկու երկրների ուսանողների փոխանակման հնարավորությունը։ Ըստ ՀՀ իշխանությունների՝ նախաձեռնության նպատակն է զարգացնել կրթական կապերը և խթանել հայ ու թուրք երիտասարդների միջև շփումները։
Ուսանողական փոխանակման ծրագրի հնարավորության մասին մարտի 23-ին խոսել էր Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ քննարկվում է նաև երկու երկրների համալսարաններում ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հարցը։
Այդուհանդերձ, ծրագրի գործարկման ժամկետների, մասնակիցների ընտրության չափանիշների և իրականացման պայմանների վերաբերյալ պաշտոնական հստակեցումներ դեռևս չեն հրապարակվել։