կարևոր
355 դիտում, 37 րոպե առաջ - 2026-10-11 11:27
Հասարակություն Տնտեսական Քաղաքական

Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ»

Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ»

Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է «Ռուսպրոդսոյուզ» միության գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։

«Ռուսական շուկան այդ սահմանափակումները գործնականում չի զգացել՝ ո՛չ տեսականու, ո՛չ էլ գների առումով։ Հիմնական հարվածը, թերևս, բաժին է հասել հայ արտադրողներին, որոնց համար Ռուսաստանը մի շարք ապրանքատեսակների իրացման գրեթե միակ շուկան էր։ Հայկական արտադրանքի մասնաբաժինը Ռուսաստանի ներմուծման մեջ, կախված ապրանքատեսակից, կազմել է 1-7 տոկոս։ Հետևաբար, սահմանափակումները գրեթե աննկատ են մնացել ռուս սպառողների համար և էական փոփոխություններ չեն առաջացրել գների կամ ապրանքատեսականու առումով»,- ասել է նա «Ոսկե աշուն» ցուցահանդեսի շրջանակում գործակալությանը տված հարցազրույցում։

Հիշեցնենք՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից որոշ ապրանքատեսակների մատակարարումների սահմանափակումներ է մտցրել 2026 թվականի ամռանը։

Հունիսի 12-ից սահմանափակվել են Հայաստանից կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը և Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ մյուս երկրներ դրա տարանցումը։

Հունիսի 26-ից սահմանափակումներ են կիրառվել հանրապետությունից ձկնամթերքի ամբողջ տեսականու մատակարարումների նկատմամբ, իսկ հուլիսի 27-ից՝ նաև հայկական կաթնամթերքի։