կարևոր
421 դիտում, 52 րոպե առաջ - 2026-10-08 23:44
Քաղաքական

Արենիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը ՔՊ-ի թեկնածուն անվանափոխել և դարձրել է անձնական. «Հետք»

Արենիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը ՔՊ-ի թեկնածուն անվանափոխել և դարձրել է անձնական. «Հետք»

«Հետք»-ը գրում է.

«Եղեգնաձոր խոշորացված համայնքի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արենիի գործող համայնքապետ Հուսիկ Սահակյանը նախընտրական քարոզչության համար օգտագործում է Արենիի համայնքապետարանի Facebook-ի էջը։ Հուսիկ Սահակյանը որոշել է համայնքապետարանի էջն անվանափոխել և դարձնել իր անձնական էջը:

Ավելի քան 7000 հետևորդ ունեցող էջը տարիներ շարունակ ծառայել է համայնքի պաշտոնական տեղեկատվությունը տարածելուն, իսկ այժմ նույն լսարանն օգտագործվում է Սահակյանի նախընտրական նյութերը տարածելու նպատակով։ Համայնքային տեղեկատվական ռեսուրսի նման օգտագործումը ընտրությունների նախաշեմին վարչական ռեսուրսի կիրառման և ընտրական մրցակցության հավասարության խախտման վտանգ է ստեղծում։

2026թ. հունիսի 17-ին Ազգային ժողովն ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունները, ըստ որի՝ Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ իրենց 32 բնակավայրերով միավորվել են և ձևավորվել է նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնքը: Հոկտեմբերի 25-ին տեղի ունենալիք ավագանու ընտրություններով էլ ձևավորվելու է խոշորացված համայնքի տեղական իշխանությունը:

Օգոստոսի 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ Եղեգնաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է Հուսիկ Սահակյանը։

 

 

Դրանից հետո Արենիի համայնքապետարանի անունով գործող Facebook-ի էջը փոխել է անվանումը և այժմ ներկայանում է Հուսիկ Սահակյանի անունով։ Էջում հրապարակվում են նաև նրա նախընտրական նյութերը։

«Հետքը» Հուսիկ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչու է Արենիի համայնքապետարանի Facebook-ի էջը դարձել իր անձնական էջը։ Սահակյանը պատասխանեց, որ պետք չէ այդ երկուսը խառնել։ Նրա խոսքով՝ Արենին ունի պաշտոնական կայք՝ arpaareni.am, իսկ Facebook-ի էջն իրենն է»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։