կարևոր
673 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-13 19:29
Աշխարհ

Էրդողանն ատրճանակներ է նվիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներին

Էրդողանն ատրճանակներ է նվիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներին

Ermenihaber-ը գրում է, որ Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դաշնակից երկրների ղեկավարներին նվերներ է տվել, որոնք էլ հայտնվել են համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում:

Ինչպես հաղորդում է «Euronews»-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և մի շարք այլ երկրների ղեկավարներ, բացելով իրենց տրված շքեղ փայտե տուփերը, դրանում հայտնաբերել են կինոաշխարհից հայտնի «Կեղտոտ Հարրի»-ի (Dirty Harry) կերպարի կողմից օգտագործվող «.357 Magnum» ատրճանակի թուրքական տարբերակը։

Նվերը լուրջ խուճապ է առաջացրել հատկապես Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերի անվտանգության աշխատակիցների շրջանում, ովքեր Բրյուսելի օդանավակայանում թղթե տոպրակի մեջ նկատել են քրոմապատ զենքի տուփը։

Առավել մեծ իրարանցում է առաջացրել այն փաստը, որ տուփի մեջ եղել է նաև 6 մարտական փամփուշտ, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել պետության ղեկավարների ինքնաթիռներում ապահովվող անվտանգության պայմանների տեսանկյունից։ Արդյունքում, որոշ պատվիրակություններ չեն կարողացել զենքը տանել իրենց երկիր, իսկ ոմանք էլ այն թողել են Անկարայում։

Էրդողանի նվիրած «Gümüşay .357 Magnum»-ը Թուրքիայի պետական «MKE» ռազմարդյունաբերական ընկերության արտադրանքն է, որի վրա փորագրված են եղել առաջնորդների անունները, Թուրքիայի դրոշն ու ՆԱՏՕ-ի խորհրդանիշը։ Զենքից բացի, Էրդողանը առաջնորդներին է հանձնել նաև իր անգլերեն կենսագրական գիրքը՝ «The Politics of Courage: Erdoğan and the Rise of Türkiye» (Համարձակության քաղաքականություն. Էրդողանը և Թուրքիայի վերելքը), թանաքամանով գրիչ և անձնական նամակ։

Փորձագետները նշում են, որ սա Թուրքիայի կողմից հստակ մարքեթինգային և ռազմավարական քայլ է եղել, քանի որ վերջին տարիներին Անկարան դարձել է աշխարհում թեթև հրաձգային զենքի 3-րդ խոշորագույն արտահանողը և ձգտում է էլ ավելի ընդլայնել իր ռազմարդյունաբերական ներուժը։ Թեև Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հաստատել է նվերների փաստը, սակայն մանրամասն մեկնաբանություններից զերծ է մնացել։