Միասին կարող ենք
կարևոր
760 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-02 20:23
Աշխարհ Տարածաշրջան

Իրանի նախազգուշացումը ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Գերագույն առաջնորդի հուղարկավորության նախաշեմին

Իրանի նախազգուշացումը ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Գերագույն առաջնորդի հուղարկավորության նախաշեմին

Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նախազգուշացմամբ է հանդես եկել ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների հասցեին՝ հայտարարելով ցանկացած սպառնալիքի կամ հարձակման դեպքում Թեհրանի պատասխան գործողությունների պատրաստակամության մասին։  

Ինչպես հայտնում է Press TV-ն, Աբդոլլահին այս հայտարարությունն արել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ ռազմական հակամարտության սկզբում զոհված Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, նահատակ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ սգո միջոցառումների նախապատրաստման ֆոնին:  

«Այս պատմական օրերին մենք նախազգուշացնում ենք հզոր Իրանի թշնամիներին, հատկապես ԱՄՆ-ին, սիոնիստական ռեժիմին (Իսրայել) և նրանց տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դաշնակիցներին՝ խուսափել ցանկացած սխալ հաշվարկից»,- հայտարարել է Աբդոլլահին:  

Նշենք, որ Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում կսկսվի հուլիսի 3-ին։ Հուլիսի 4-ից 5-ը այաթոլլայի մարմինը կգտնվի Թեհրանի Մոսալլայում (Թեհրանի ամենամեծ կրոնական-հասարակական համալիրը), որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է հրաժեշտ տալ նրան։  Հուլիսի 6-ին Իրանի մայրաքաղաքում կանցկացվի սգո երթ՝ հիմնական փողոցներով, որից հետո մարմինը կտեղափոխվի երկրի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ քաղաք, որտեղ հուլիսի 7-ին տեղի կունենան սգո արարողություններ։

Հուլիսի 8-ին Ալի Խամենեիի մարմինը կուղարկվի հարևան Իրաք, որտեղ Նաջաֆում և Քերբալայում տեղի մուսուլման-շիաների համար կկազմակերպվեն հրաժեշտի առանձին արարողություններ։ Այաթոլլայի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։