Միասին կարող ենք
կարևոր
730 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-02 16:14
Տարածաշրջան

SOCAR-ը դարձել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի օպերատորը՝ փոխարինելով բրիտանական BP (British Petroleum) ընկերությանը

SOCAR-ը դարձել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի օպերատորը՝ փոխարինելով բրիտանական BP (British Petroleum) ընկերությանը

2026 թվականի հուլիսի 1-ից Բաքու–Թբիլիսի–Ջեյհան (BTC) նավթատարի օպերատորը դարձել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) դուստր ձեռնարկությունը՝ SOCAR Midstream Operations (SMO)։ Մինչ այդ այդ գործառույթներն իրականացնում էր BP (British Petroleum) ընկերությունը։

BP-ի հաղորդմամբ՝ օպերատորի գործառույթների փոխանցումն ընդգրկում է նավթատարի ամբողջ երթուղին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքներում։ Բացի այդ, SMO-ն ստանձնում է նաև BTC համակարգի և Հարավային Կովկասի գազատարի հետ կապված ընդհանուր գործառույթների կառավարումը։

Միևնույն ժամանակ Սանգաչալի տերմինալի օպերատորը չի փոխվում․ այն կշարունակի շահագործել BP-ն։ Անփոփոխ է մնում նաև BTC Co. ընկերության բաժնետերերի կազմը։

BP-ում նշել են, որ ավելի քան քսան տարի ապահովել են նավթատարի անվտանգ և արդյունավետ շահագործումը, որը դարձել է համաշխարհային շուկաներ նավթի արտահանման կարևորագույն ուղիներից մեկը։ Ընկերությունում վստահություն են հայտնել, որ SOCAR-ը կպահպանի անվտանգության և հուսալիության նույն բարձր չափանիշները։

SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը հայտարարել է, որ օպերատորի գործառույթների փոխանցումը կարևոր փուլ է ընկերության զարգացման համար և արտացոլում է միջազգային էներգետիկ ենթակառուցվածքների կառավարման ոլորտում կուտակված փորձը։ Նրա խոսքով՝ SOCAR-ը լիովին հանձնառու է ապահովելու այս ռազմավարական էներգետիկ միջանցքի անվտանգ, հուսալի և արդյունավետ աշխատանքը՝ շարունակելով ամրապնդել դրա ներդրումը տարածաշրջանային և համաշխարհային էներգետիկ անվտանգության գործում։

Ավելի վաղ՝ 2026 թվականի հունիսի 8-ին, գործող համաձայնագրերի համաձայն, Արևմտյան արտահանման նավթատարի՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքներում գտնվող օբյեկտները նույնպես փոխանցվել էին երկու երկրների համապատասխան պետական կառույցներին։

Աղբյուրը՝ vectornews.ge