Միասին կարող ենք
կարևոր
889 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-10 16:48
Իրավական

«Ֆազ»-ի սպանության կազմակերպման գործով անցնող «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը ազատեց կալանքից

«Ֆազ»-ի սպանության կազմակերպման գործով անցնող «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը ազատեց կալանքից

Քրեական հեղինակություն համարվող «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության կազմակերպման գործով անցնող «Չաղ Ռուստամին» դատավոր Մասիս Մելքոնյանը ազատեց կալանքից` կիրառելով տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք։ Այս մասին հայտնում է hraparak.am-ը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2024թ․ հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում. մահաբեր կրակոցներն արձակվել են բնակելի շենքի մոտ։ Հունիսի 11-ին՝ ժամը 23.17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա՝ ժամը 23.53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդել են, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են ընդունվել երեք տղամարդ, որոնցից մեկը՝ 1988թ.ծնված տղամարդը, «պարանոցի շրջանի հրազենային վնասվածքով», եւս երկուսը՝ ծնված 1980թ., գլխի շրջանում։ Նրանց թվում էր նաեւ Ֆազը՝ Սերգեյ Գրիգորյանը, որը գլխի շրջանում ստացած հարզենային վնասվածքներից մահացել է։

ՔԿ-ն հաղորդել էր, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ: «LAND CRUISER» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ: