Միասին կարող ենք
կարևոր
415 դիտում, 56 րոպե առաջ - 2026-06-01 21:14
Հասարակություն Տնտեսական

«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը

Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, հունիսի 2-ից սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը։ Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնում է, որ Ռուսաստան հայկական մրգերի մատակարարումների ժամանակ խախտումների դեպքերը հաճախացել են։

Գերատեսչությունը բազմիցս հայկական կողմին տեղեկացրել է կարանտինային արտադրանքի մատակարարումների ընթացքում արձանագրված խախտումների մասին, որոնք կապված են ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման հետ։

Ռոսսելխոզնադզորի գնահատմամբ՝ նման դեպքերի աճը վկայում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության լուծարման հետևանքների մասին։ Կառուցվածքային բարեփոխումների արդյունքում այդ լիազորությունները փոխանցվել են Էկոնոմիկայի նախարարությանը։

«Վերջին շրջանում Հայաստանից մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, ինչը կարող է վկայել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը բախվում է կառուցվածքային խնդիրների և չի կարողանում լիարժեք իրականացնել իր վրա դրված գործառույթները։

Ստեղծված իրավիճակը վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական անվտանգությունը, ինչպես նաև Ռուսաստանում արդյունաբերական այգեգործության, պտղաբուծության և խաղողագործության պետական աջակցության ծրագրերի իրականացումը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվում Հայաստանի Հանրապետությունից ծագող և արտահանվող կորիզավոր պտուղների (կեռաս, բալ, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և թարմ խաղողի ներմուծման, ինչպես նաև այդ արտադրանքի՝ ԵԱՏՄ անդամ երկրներ տարանցման նկատմամբ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմների մշակումը»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ ։