Միասին կարող ենք
կարևոր
379 դիտում, 51 րոպե առաջ - 2026-06-01 15:57
Քաղաքական

ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունների խզման հետևանքները ՀՀ-ի համար աղետալի կլինեն․ Քոչարյանի հարցազրույցը՝ РБК-ին

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների խզման հետևանքները Հայաստանի համար աղետալի կլինեն։ Այս մասին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստանի համար դա պարզապես աղետ կլինի։ Գյուղատնտեսական արտադրանքի 98 տոկոսն արտահանվում է Ռուսաստան։ Եվրամիության շուկան փաստացի փակ շուկա է՝ պաշտպանված տարբեր սահմանափակումներով։ Այնտեղ առկա խոչընդոտները գրեթե անհաղթահարելի են։ Հետևանքներն իսկապես աղետալի կլինեն»,- ասել է Քոչարյանը։

Նա նշել է, որ իշխանությունները չեն առաջարկում այլընտրանք, թե ուր կարող են հայկական արտադրողները արտահանել իրենց ապրանքը, եթե Մոսկվայի հետ հարաբերությունները վատթարանան։

Ռոբերտ Քոչարյանն, անդրադառնալով պատմությանը, ընդգծել է որ Նիկոլ Փաշինյանը փորձում է «վերաշարադրել պատմությունը»՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ մոտեցումները փոխելով և ձգտելով հաճոյանալ Անկարային։

Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի նախկին ղեկավարներից ոչ մեկը Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի հետ հարաբերությունների նախապայման չի դարձրել։ Սակայն, նրա կարծիքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնացել է ավելի հեռու և սկսել է վերանայել պատմական իրադարձությունների նկատմամբ մոտեցումը։

«Նա փորձում է պարզապես վերաշարադրել պատմությունը և արդեն անում է դա։ Իմ տպավորությամբ՝ դա արվում է ինչ-որ մեկին դուր գալու ձգտումով»,- հայտարարել է Քոչարյանը։

Քոչարյանը նաև նշել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները հասկանում են, որ երկրի անդամակցությունը Եվրամիությանը իրատեսական չէ, և իրականում խաղադրույք են կատարում տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի ազդեցությամբ փոխարինելու վրա։

«Խոսքը Եվրամիություն մտնելու մասին չէ, խոսքը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի ազդեցությամբ փոխարինելու մասին է»,- ասել է Քոչարյանը։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը ձգտում է ավելի սերտ հարաբերություններ կառուցել Անկարայի հետ՝ հաշվի առնելով համաշխարհային աշխարհաքաղաքական փոփոխություններն ու նախկին միջազգային կարգի թուլացումը։

Մանրամասները՝ տեսանյութում․