կարևոր
8434 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-29 11:04
Տնտեսական Հասարակություն

Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը կարող է սահմանափակվել. «Ռոսսելխոզնադզորը» դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից

Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը կարող է սահմանափակվել. «Ռոսսելխոզնադզորը» դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից

2023 թվականին Հայաստանի Հանրապետությունից ռուսական շուկա կաթնամթերքի մատակարարումների ծավալների ավելացման կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» աշխատանքներ է իրականացրել՝ պարզելու աճի պատճառները։

Այս մասին նշվում է կառույցի հայտարարության մեջ։

Հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը»  սահմանափակող միջոցներ է կիրառել։

«Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից 2023 թվականի մարտի 20-ից մարտի 24-ը անցկացված ստուգման ընթացքում այս փաստը հաստատվել է։ Բացի այդ, արտադրական գործընթացում հայ արտադրողներին թույլատրվում է օգտագործել հումք իրանական ձեռնարկություններից, որոնք իրավունք չունեն մատակարարել Ռուսաստան։

Հայտնաբերված խախտումների բնույթը վկայում է նաև անասնաբուժական պետական ծառայության կողմից կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունների գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչը բարձրացնում է Ռուսաստան անորակ և ոչ անվտանգ արտադրանքի ներմուծման վտանգը։

Այդ իսկ պատճառով «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրանքով կասեցնել երկու ստուգված ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը։

«Ռոսսելխոզնադզորը»  տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական օրենսդրության խախտումների անթույլատրելիության մասին։

«Ռոսսելխոզնադզոր»-ը հատկապես մտահոգված է այն դեպքերով, երբ երրորդ երկրների ձեռնարկություններն ընդգրկված են Մաքսային միության ռեգիստրներում՝ առանց ռուսական կողմի համաձայնության կամ չնայած ԵԱՏՄ անդամ երկրների իրավասու ծառայություններին ուղարկված պաշտոնական մերժմանը։

«Ռոսսելխոզնադզոր»-ն առաջարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողների կաթնամթերքի հետագա մատակարարման հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքներով կդիտարկվի Հայաստանի Հանրապետության կաթ վերամշակող բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարման սահմանափակումներ մտցնելու հարցը։