Միասին կարող ենք
կարևոր
538 դիտում, 55 րոպե առաջ - 2026-06-01 10:19
Հասարակություն

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները

«Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» նախաձեռնությունը (International Observatory for Democracy in Armenia | IODA) հայտնում է, որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանություններն ընդլայնել են կառավարության քննադատների նկատմամբ իրականացվող ձերբակալությունները՝ խոսքի հիման վրա ենթադրյալ իրավախախտումների մեղադրանքներով։ Հայաստանում իրականացված երկրորդ փաստահավաք առաքելության ընթացքում IODA-ն նաև արձանագրել է ընտրական գործընթացին արտաքին միջամտության վերաբերյալ պնդումներ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կիրառման կրկնվող դեպքեր, ինչպես նաև բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ընտրողների՝ հատկապես պետական համակարգում աշխատողների շրջանում առկա է վախ՝ ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու համար հնարավոր ճնշամիջոցներից։ Գրում է armeniaobservatory.org-ն։

 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն է կրում երկրում ձևավորված մտահոգիչ իրավիճակի համար՝ այդ թվում, ոչ միայն քննադատների նկատմամբ հարուցվող քրեական հետապնդումների, այլև թշնամական ընտրական մթնոլորտի համար, որն ուղեկցվում է սեփական կարծիքն արտահայտող քաղաքացիների հասցեին նրա հրապարակային վիրավորանքներով և հարձակումներով», — ասել է IODA-ի խորհրդի անդամ Սառա Լի Ուիթսոնը։ «Կառավարությունը պարտավոր է ապահովել, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրեն ազատ և անվտանգ զգա վարչապետին քննադատելու և կառավարության քաղաքականությունը վիճարկելու հարցում՝ անկախ նրանից, թե որքան անընդունելի կամ վիրավորական կարող են իշխանությունները համարել այդ քննադատությունները»։

IODA-ի երկրորդ փաստահավաք առաքելությունը, որն իրականացվել է 2026 թվականի մայիսի 22-27-ը, միջազգային փորձագետների պատվիրակության կողմից, որի անդամներն էին՝ մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած իրավաբաններ Ֆիլիպ Քալֆայանը, Սառա Լի Ուիթսոնը և Դայանա Քիրնին, ինչպես նաև Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Բրայան Մեյը։ Երևանում անցկացված հանդիպումներից բացի, որտեղ պատվիրակությունը հանդիպել է, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, խումբն այցելել է նաև Հրազդան, Սևան, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Սպիտակ և Գյումրի՝ հանդիպումներ ունենալով քաղաքական կուսակցությունների տեղական ներկայացուցիչների, իրավաբանների, ընտրական դիտորդների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։ IODA-ն փորձել է հանդիպումներ նախաձեռնել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ, սակայն առաջարկին պատասխան չի հաջորդել։ Հանդիպման առաջարկներ են ուղարկվել նաև Սահմանադրական դատարանին, Քննչական կոմիտեին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, սակայն նշված կառույցների հետ հանդիպումներ կազմակերպել չի հաջողվել։

Կառավարության քննադատների նկատմամբ ձերբակալությունների ընդլայնում

Ի հավելում այն մտահոգությունների, որոնք բարձրացվել էին IODA-ի առաջին փաստահավաք առաքելությունից հետո, խումբը արձանագրել է նաև կառավարության քննադատների նկատմամբ նոր ձերբակալությունների մի շարք դեպքեր, որոնցից մի քանիսում գործեր են հարուցվել Քրեական օրենսգրքի ոչ հստակ ձևակերպված՝ խոսքի և արտահայտման հիմքով քրեական մեղադրանքնեի հիման վրա։

-       Մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Սուրբ Աննա եկեղեցի՝ մարդաշատ ժամերգության ընթացքում։ Քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցները հավատացյալներին հրելով ճանապարհ են բացել վարչապետի համար, ինչի հետևանքով նախ տեղի է ունեցել վիճաբանություն, ապա՝ քաշքշուկ։ Իրավապահները ձերբակալել և քրեական մեղադրանքներ են առաջադրել 18-ամյա եղբայրներ՝ ավագ դպրոցի աշակերտներ Դավիթ և Միքայել Մինասյաններին, ինչպես նաև Գևորգ Գևորգյանին։ Վերջինս հետագայում հայտարարել է, որ իրեն ձերբակալել են «Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ նայելու համար»։ Դավիթ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար, Միքայել Մինասյանին՝ խուլիգանությանը օժանդակելու, իսկ Գևորգ Գևորգյանին՝ ողջ միջադեպը կազմակերպելու համար։ Նույն օրը ոստիկանությունը խուզարկել է Մինասյանների բնակարանը, սակայն, ըստ եղբայրների փաստաբանի, քննությանը վերաբերող որևէ նյութ չի հայտնաբերվել։ Հատկանշական է, որ Մինասյան եղբայրներն ու Գևորգյանը միմյանց չեն ճանաչել։ Քաղաքական մոտիվներով որոշումների համար բազմիցս քննադատված դատավոր Մնացական Մարտիրոսյանը ապրիլի 1-ին Դավիթ Մինասյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Ավելի վաղ, մարտի 31-ին Միքայել Մինասյանը և Գևորգ Գևորգյանը ազատ էին արձակվել՝ 5 միլիոն դրամ գրավի դիմաց և սահմանվել է երկրից դուրս գալու արգելք։ Առողջական վիճակի վատթարացման պատճառով Դավիթ Մինասյանը մի քանի անգամ տեղափոխվել է բուժհաստատություն, իսկ ապրիլի 14-ին դատարանը փոխել է խափանման միջոցը՝ պահպանելով երկրից դուրս գալու արգելքը, մինչ քննությունը շարունակվում է։

-       Մայիսի 12-ին իրավապահները Երևանում ձերբակալել են բլոգեր Արտակ Ավետիսյանին, ով ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Փաշինյանին անվանել էր «դավաճան»։ Սկզբում նրան մեղադրանք է առաջադրվել ատելության խոսքի տարածման հոդվածով, սակայն հետագայում մեղադրանքը փոխվել է խուլիգանության։ Նա շարունակում է մնալ կալանքի տակ։

-       Մայիսի 16-ին, ըստ պաշտոնական հաղորդման, Արտաշատի բնակիչ Արմեն Հովհաննիսյանը ինքնասպանություն է գործել՝ գտնվելով ոստիկանության հսկողության տակ Երևանի հոգեբուժական հաստատություններից մեկում։ Իրավապահները նրան բերման էին ենթարկել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը պոկելու կասկածանքով՝ մեղադրելով քարոզարշավին խոչընդոտելու մեջ, սակայն պաշտոնական մեղադրանք այդպես էլ չէր ներկայացվել։ Հոգեբանական ծանր վիճակի նշաններ ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել էին հոգեբուժարան՝ ոստիկանության վերահսկողությամբ, որտեղ նա, ըստ հաղորդման, կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Իշխանությունները հետագայում հայտարարել են դեպքի առթիվ քրեական վարույթ սկսելու մասին, սակայն մինչ օրս որևէ եզրակացություն չեն հրապարակել։

-       Մայիսի 18-ին իրավապահները ձերբակալել են արցախցի բռնի տեղահանված և քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանին՝ վարչապետ Փաշինյանի հետ տեղի ունեցած լարված միջադեպից հետո։ Նրան մեղադրանք է առաջադրվել բռնություն հրահրելու, խուլիգանության և քարոզարշավին խոչընդոտելու հիմքով։ Դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Իշխանությունները վկայակոչել են նաև Օսիպյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա, ըստ մեղադրող կողմի, սպառնացել է վարչապետին և բռնության կոչեր արել։

«Կառավարությունը չպետք է քրեական հետապնդման ենթարկի այն մարդկանց, որոնք մարտահրավեր են նետում իրենց, զուտ այն պատճառով, որ այդ քննադատությունը դուր չի գալիս իշխանություններին։ Նույն կերպ անընդունելի է ճնշել քաղաքական բանավեճը՝ այն ներկայացնելով որպես «իշխանությունը տապալելու դավադրություն» », — ասել է IODA-ի գործադիր խորհրդի անդամ Բրայան Մեյը։ «Թեժ և լարված ընտրությունները չեն կարող արդարացում լինել կառավարության համար՝ խուսափելու խոսքի ազատությունն ու ակտիվ քաղաքական բանավեճը ապահովելու իրենց պարտավորությունից կամ օգտագործելու դատաիրավական լիազորություններն՝ քննադատներին լռեցնելու նպատակով»։

Թեև միջազգային մարդու իրավունքի նորմերը պահանջում են քաղաքական խոսքի պաշտպանությունը՝ բոլոր կողմերի համար, փաստաբաններն ու ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնում, որ դատախազությունը չի հետապնդում իշխանության կողմնակիցների կողմից ենթադրյալ «ատելության խոսքի» և խոսքի հիմքով այլ իրավախախտումների նմանատիպ դեպքերը, չնայած իրենց կողմից ներկայացված բողոքներին։ Սա, ըստ նրանց, վկայում է հետաքնությունների ընտրողական բնույթի մասին։ IODA-ն կրկին ընդգծում է իր նախկին առաջարկ-խորհուրդը՝ Ազգային ժողովի կողմից Քրեական օրենսգիրքի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ, ըստ որի, խոսքի սահմանափակումների վերաբերյալ անորոշ ձևակերպումները կվերանայվեն, ինչպիսիք են «խուլիգանությունը» կամ «իշխանությունը տապալելու կոչերը», որոնք լայնորեն կարող են չարաշահվել և խաթարում են ՀՀ քաղաքացիների խոսքի ազատությունը։

Պետական ռեսուրսների չարաշահումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի շարք դեպքերում, ըստ երևույթին, օգտագործել է պետական ռեսուրսներ՝ առաջիկա ընտրարշավի շրջանակում իր քարոզչությունը խթանելու համար։ Մասնավորապես, կրթական հաստատությունների իշխանամետ աշխատակիցները, ըստ հաղորդումների, մոբիլիզացրել են ուսանողներին և ուսուցիչներին՝ իշխող կուսակցության միջոցառումների աջակցության նպատակով՝ չնայած իրավական արգելքների՝ պետական ծառայողներին մասնակցելու քաղաքական քարոզչությանը իրենց պաշտոնական դիրքում հանդես գալիս։ Այս դեպքերի կապակցությամբ կառավարության կողմից որևէ քննության իրականացման մասին տեղեկություն չկա։

-        Մայիսի 13-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից և հարակից գյուղերից բազմաթիվ դպրոցի տնօրեններ և ուսուցիչներ, ըստ հաղորդումների, աշխատանքային ժամերին մասնակցել են Ապարանում անցկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին, որին մասնակցում էր նաև վարչապետը։ Ականատեսների վկայությամբ՝ դպրոցների ղեկավարները աշակերտներին դուրս են բերել դասերից՝ վարչապետին դիմավորելու համար, նրանց տրամադրել են կուսակցական դրոշներ և տվել են հստակ ցուցումներ երեխաների արտաքին տեսքի վերաբերյալ, այդ թվում՝ աղջիկների համար՝ հյուսած սանրվածքների վերաբերյալ առաջարկություններ։ Ծաղկաշենի դպրոցի աշակերտներին, ըստ հաղորդումների, տրամադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շապիկներ։

-       Մայիսի 15-ին «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը հրապարակել է ձայնագրություն, որտեղ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Լուսինե Գրիգորյանը, ով նաև Արմավիրի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, հանձնարարում է ուսանողներին մասնակցել կուսակցական միջոցառման և նշում, որ ինքն էլ ստացել է նման կազմակերպչական հանձնարարություն վերադասից։ Թեև Կրթության փոխնախարարը հետագայում հայտարարել է, որ Գրիգորյանը պարզապես գրադարանավար է և գործել է առանց նման լիազորության, ինչի արդյունքում ստանալով խիստ նկատողություն, կառավարությունը չի իրականացրել ավելի լայն հետաքննություն հնարավոր ինստիտուցիոնալ ներգրավվածության կամ հարկադրանքի վերաբերյալ։

-        Մայիսի 21-ին տարբեր կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ըստ հաղորդումների, ներգրավված են եղել նախընտրական գործունեության մեջ Վերին Արտաշատ գյուղում՝ Արարատի մարզում անցկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջոցառման ընթացքում, որին մասնակցում էր նաև վարչապետը։ Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցում դասերը ավարտվել են նախատեսվածից շուտ, որպեսզի աշակերտները կարողանան մասնակցել հանրահավաքին։ Ուսուցիչները և դպրոցի տնօրեն Շուշանիկ Հախնազարյանը նույնպես մասնակցել են միջոցառմանը։ Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Նինել Գաբրիելյանը և կենտրոնի աշխատակից, պարուսույց Տիրուհի Սողոմոնյանը նույնպես կազմակերպել են երեխաների միջոցառման մասնակցությունը։ «Ականատես» դիտորդական առաքելությունը հետագայում վարչական բողոքներ է ներկայացրել այս, ըստ երևույթին, արգելված գործողությունների վերաբերյալ։

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, IODA-ի հարցմանն ի պատասխան, ներկայացրել են նմանատիպ բազմաթիվ դեպքերի մանրամասն նկարագրություններ՝ նշելով, որ դրանք առանձին երևույթներ չեն, այլ նախընտրական շրջանում տարբեր մարզերում տարածված ավելի լայն պրակտիկայի մաս են կազմում։ Բացի այդ, նրանք պարբերաբար պնդել են, որ հարկային տեսչությունը, իրավապահ կառույցները և այլ պետական վերահսկողություն իրականացնող ինստիտուտներ ճնշում կամ վախի մթնոլորտ են ստեղծում՝ ընդդիմության հետ կապ ունեցող անձանց, բիզնեսի ներկայացուցիչների, համայնքի ղեկավարների և պետական սեկտորի աշխատակիցների համար՝ հարկադրելով դադարեցնել աջակցությունը ընդդիմադիր ուժերին, սակայն այդ պնդումները չեն ուղեկցվել բավարար իրեղեն ապացույցներով։ Նրանք որպես ճնշման ձևեր նշել են ստուգումների սպառնալիքները, քրեական կամ վարչական վարույթների հնարավոր կիրառումը, աշխատանքից ազատման վտանգը և համակարգային այլ ճնշման մեխանիզմներ, որոնք նպաստում են վախի մթնոլորտի և ինքնազսպան ձևավորմանը։ IODA-ն չի կարողացել փաստացի հաստատել այս պնդումներին վերաբերող առանձին դեպքերի մանրամասները։

Ընտրողների շրջանում վախի և սպառնալիքի մթնոլորտ, քվեարկության սահմանափակում

Ընտրությունները տեղի են ունենում ընտրողների շրջանում խոր քաղաքական բևեռացման պայմաններում, ինչպես նաև պետական պաշտոնյաների կողմից վախի և ահաբեկման մասին շարունակական հաղորդումների, և ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։ Առնվազն տասը հարցազրույցներում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշել են, որ ընտրողները վախն ու ահաբեկումը որպես հիմնական պատճառ են ներկայացրել քաղաքական հանրահավաքներին չմասնակցելու, ընդդիմադիր թեկնածուների հետ հաղորդակցվելուց խուսափելու և նույնիսկ քվեարկությանը չմասնակցելու համար։ Մասնավորապես, նրանք բազմիցս ընդգծել են համայնքային և պետական համակարգի աշխատակիցների՝ հատկապես ուսուցիչների, ոստիկանների և կոմունալ ծառայությունների աշխատողների շրջանում ահազանգերը, որ իրենց ղեկավարները կարող են նրանց նկատմամբ կիրառել պատժամիջոցներ կամ ստիպել աշխատանքից հեռանալ, եթե նրանք որևէ կերպ աջակցություն հայտնեն ընդդիմադիր ուժերին։ Բացի այդ, հարցված ընդդիմադիրներից բոլորը նշում են, որ վստահաբար պետական մարմինների կողմից հսկողության տակ են գտնվում, և որ, իրենց հեռախոսազանգերը և նախընտրական շտաբերը գաղտնալսվում են։

Դիտորդական կազմակերպությունները, այդ թվում՝ «Ականատես»-ի միջանկյալ զեկույցը, նույնպես արձանագրել են մի շարք դեպքեր, երբ քաղաքական դերակատարներն ու մասնավոր գործատուները, ըստ հաղորդումների, օգտագործել են աշխատավայրում ունեցած ազդեցությունը՝ աշխատակիցներին մոբիլիզացնելու կամ նրանց քաղաքական վարքագիծը ուղղորդելու համար։ Հաղորդված դեպքերը ներառել են աշխատակիցների կազմակերպված տեղափոխում հանրահավաքների, ընտրարշավի մասնակցության ճնշում և ենթադրյալ սպառնալիքներ՝ կապված աշխատանքային կարգավիճակի հետ, ինչպես նաև ֆինանսապես խրախուսելու խոստումներ՝ փոխկապակցված ընտրական որոշակի աջակցությանը։ Այս դեպքերը վերաբերում են տարբեր կուսակցությունների, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Ուժեղ Հայաստան» և «Հանուն Հանրապետության» ուժերին։ Տեղական դիտորդական կազմակերպությունները մի շարք դեպքեր փոխանցել են իրավապահ մարմիններին։

Ընտրողների շրջանում վախի և իշխանության քննադատների նկատմամբ ճնշման մթնոլորտի ձևավորման գործում, բազմիցս նշվել է վարչապետ Փաշինյանի կոշտ և հաճախ սուր արձագանքները քաղաքացիների հետ շփումներում, որոնք լայն տարածում են գտել սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերի միջոցով։ Նրա այսբովանդակ հռետորաբանությունը հաճախ ուղղված է ընդդեմ տեղահանված արցախահայերի՝ հիմնվելով պատերազմի հետևանքներով պայմանավորված հասարակական դժգոհությունից։

-       Մարտի 22-ին, Երևանի մետրոյում ոչ պաշտոնական ընտրարշավի ժամանակ, Փաշինյանը մոտեցել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Արմինե Մոսիյանին և նրա երեխային՝ նրանց առաջարկելով Հայաստանի Հանրապետության քարտեզի տեսքով կրծքանշան։ Մոսիյանը հրաժարվել է և բացատրել իր պատճառները, սակայն վարչապետը շարունակել է բանավիճել նրա հետ՝ չնայած նրա կրկնվող խնդրանքներին դադարեցնելու երկխոսությունը։ Նա բարձրացրել է ձայնը, մատնանշել նրան և հայտարարել, որ Հայաստանի քաղաքացիների կողմից վաստակված միլիարդավոր դրամներ ծախսվել են Արցախում բնակվող հայերի վրա՝ Մոսիյանին և այլ արցախցիներին անվանելով «փախածներ»։ Ավելի ուշ նա մասնակի ներողություն է խնդրել, սակայն իշխանամետ լրատվամիջոցները շարունակել են թիրախավորել կնոջը՝ էլ ավելի խորացնելով տեղահանված արցախցիների նկատմամբ թշնամական վերաբերմունքի վերաբերյալ հիմնավոր մտահոգությունները։

-       Մայիսի 18-ին Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում անցկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը մոտեցել է Փաշինյանին, քննադատել նրա քաղաքականությունը և նշել, որ իր եղբայրը՝ գնդապետ Հրանտ Պապիկյանը, ով բարձրաստիճան ռազմական բժիշկ է, շարունակում է պատերազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած մնալ։ Փաշինյանը պատասխանել է բարձր տոնով, նրան նույնացրել ընդդիմադիր գործիչների հետ և սպառնացել, որ նրանց «ծնկի կբերի»։ Երբ կինը փորձել է հեռանալ, վարչապետը քաշել է նրա ձեռքը և ստիպել վերադառնալ՝ պահանջելով լսել իրեն, մինչ նրա կողմնակիցները աղմկել են և թույլ չեն տվել կնոջը խոսել։ Ավելի ուշ նույն օրը, արձագանքելով քննադատությանը, Փաշինյանը հայտարարել է. «Ես կնոջը չեմ սպառնացել։ Ես սպառնացել եմ Ռոբիկին [Ռոբերտ Քոչարյան], և հիմա էլ եմ սպառնում նրան»։

-       Մայիսի 18-ին տեղի ունեցած մեկ այլ լարված միջադեպի ընթացքում Փաշինյանը պատասխանել է Արթուր Օսիպյանի քննադատությանը (որը հետագայում ձերբակալվել է)՝ ուղղելով իր խոսքը Արցախից տեղահանված հայերին։ Նա արցախցի քաղաքական գործիչներին և փախստականներին անվանել է «փախածներ» և «տականք»՝ նշելով, որ նրանք Երևանում տեղ չունեն, եթե չեն ընդունում «Հայաստանի քաղաքացիների մտածողությունը»։ Տեսանյութերում երևում է թե ինչպես է վարչապետ Փաշինյանը, բարձրախոսով բղավում

«Էկել են մատ թափ տալով էս Ղարաբաղի պսևդոէլիտաները: Ռադներդ քաշեք, արա, ընդհանրապես, ո՞վ եք ուք, արա, «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ 5 հազար զոհի մասին ես խոսում, այ տականք, ընչի՞ ես կենդանի»:

IODA-ի խորհրդի անդամ Դայանա Քիրնին նշել է. «Փաշինյանի խոսույթը, որը նվաստացնում և խարանավորում է Արցախից տեղահանված հայերին, վտանգավոր է և վնասակար, քանի որ խթանում է հասարակական թշնամանք նրանց նկատմամբ և խորացնում երկրի բևեռացումը։ Փաշինյանը պետք է հարգանք և քաղաքավարություն ցուցաբերի Հայաստանում բնակվող բոլորի նկատմամբ, այլ ոչ թե փորձի ձայներ հավաքել լարվածություն բորբոքելով»։

Արտաքին ազդեցության վերաբերյալ մեղադրանքներ

Երկրում ընթացող քաղաքական քննարկումների ամենառանցքային առանձնահատկություններից մեկը դարձել են արտաքին ազդեցության, արտաքին ուժերի հետ ենթադրյալ կապերի և ընտրողների մանիպուլյացիայի վերաբերյալ փոխադարձ մեղադրանքները։ Դրանք ներառում են նաև պնդումներ գաղտնի քարոզչական արշավների մասին, որոնց նպատակը, ըստ տարբեր կողմերի, հանրային տիրույթը իշխանամետ կամ հակաիշխանական ուղերձներով ողողելն է, ինչպես նաև ահազանգել այն քաղաքականության վերաբերյալ, որը կարող է հետևել այս կամ այն քաղաքական ուժի հաղթանակից հետո։

Վերջին շրջանում մամուլում լայն շրջանառվում են ենթադրաբար արտահոսած փաստաթղթեր, որոնք ծագում են կա՛մ ռուսական, կա՛մ հայկական աղբյուրներից, և մանրամասն նկարագրում են քարոզչական ռազմավարություններ, համակարգված տեղեկատվական արշավներ և քաղաքական ռիսկերի վերլուծական գնահատականներ՝ ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմադիր գործիչների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, տեղեկատվական միջավայրը՝ սոցցանցերը, Telegram ալիքները և առցանց լրատվական կայքերը, ողողվում են մանիպուլյատիվ և անստուգելի բովանդակությամբ նյութերով, ներառյալ՝ համակարգված ապատեղեկատվական արշավներ, հատուկ խմբագրված կամ միտումնավոր աղավաղված և մոլորեցնող նյութեր, ինչպես նաև արհեստական բանականության կողմից ստեղծված կամ մանիպուլացված կոնտենտ, որոնք թիրախավորում են՝ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմադիր գորխիչներին։ Չնայած դրանցից որոշների իսկությունն ոը հավաստիությունը փաստացի հնարավոր է եղել վիճարկել, այնուամենայնիվ, նմանատիպ բովանդակությամբ նյութերը շարունակում են ձևավորել ընտրական միջավայրը և քաղաքական դիսկուրսը։

Մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ մտահոգություն են հայտնել նաև այն պնդումների վերաբերյալ, թե Ռուսաստանում ապրող հայ ընտրողներին ենթադրաբար ճնշում են և խրախուսում գալ Հայաստան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու նպատակով, որը, ըստ իշխող ուժի, ունի Ռուսաստանի աջակցությունը։ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը նման պնդումներ առաջին անգամ հրապարակել է 2026 թվականի մարտի 10-ին՝ նշելով, որ Ռուսաստանի անվտանգության ծառայությունները ճնշում են գործադրում հայ գործարարների վրա, որպեսզի վերջիններս ֆինանսավորեն շուրջ 80,000 ռուսատանաբնակ ՀՀ քաղաքացիների մասնակցությունը առաջիկա ընտրություններին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները այս մեղադրանքները կապել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության և դրա ղեկավար Սամվել Կարապետյանի հետ։

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններից մեկը տեղեկացրել է, որ իրենք ինքնուրույն արձանագրել են 80 դեպք, երբ քաղաքացիները հայտնել են, որ իրենց Ռուսաստանում բնակվող հարազատներին առաջարկել են տեղափոխելու հնարավորություն, ռուսական անձնագրերի ձեռքբերման աջակցություն կամ այլ խրախուսանք՝ Հայաստան գալու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար։ Սակայն IODA-ն չի ստացել այս պնդումները հաստատող ուղղակի ապացույցներ, և մասնավորապես՝ որևէ փաստացի տվյալ, որը կապացուցեր այս գործընթացում Ռուսաստանի կառավարության ներգրավվածությունը։

ԱՄՆ-ի և եվրոպական որոշ պաշտոնյաներ նույնպես հրապարակային դիրքորոշումներ են հայտնել Հայաստանի ընտրությունների վերաբերյալ՝ բացահայտ աջակցություն հայտնելով Փաշինյանին։ Վերջին նման հայտարարությունը մայիսի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված գրառումն էր, որտեղ նա հանդես է ի աջակցություն Փաշինյանի։ Ավելի վաղ, մայիսին, Եվրոպայի քաղաքական համայնքի 8-րդ գագթնաժողովին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մամուլի ասուլիսի ժամանակ, բացահայտ հայտնել էր իր քաղաքական աջակցությունը Փաշինյանին և վերջինիս քաղաքական ուղղվածությանը։

IODA-ի խորհրդի անդամ Ֆիլիպ Քալֆայանը նշում է, որ՝

«Ընտրությունները տեղի են ունենում արտաքին միջամտության և մանիպուլյացիայի վերաբերյալ հակասական պնդումների պայմաններում, սակայն քիչ ուշադրություն է դարձվում այն բովանդակությանը, որը ներկայացնում են քաղաքական ուժերը երկրի զարգացման վերաբերյալ։ Ի վերջո, ընտրողների համար ամենակարևորը պետք է լինի այն, թե նորընտիր իշխանությունը ինչ արդյունքներ կարձանագրի Հայաստանում ապրող մարդկանց համար՝ ներառյալ նրանց քաղաքացիական և քաղաքական իրավունքների, ինչպես նաև ազգային արժեքների ու արժանապտվության պաշտպանությունը»։