Միասին կարող ենք
կարևոր
538 դիտում, 50 րոպե առաջ - 2026-06-01 17:17
Աշխարհ

Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին հյուրընկալել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին

Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին հյուրընկալել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին

Վրաստանի պաշտպանության նախարարությունում կայացել է պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության տարբեր հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք vectornews.ge կայքից։

Նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված հանդիպում։ Իրակլի Չիքովանին շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անսասան աջակցության համար։ Նա իր հերթին վերահաստատել է Վրաստանի աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերությունը հիմնված է հարգանքի, վստահության և բարիդրացիական հարաբերությունների վրա։ Քննարկվել է նաև Հարավային Կովկասի երկարաժամկետ և կայուն զարգացման կարևորությունը։

Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված հարցեր, այդ թվում՝ ռազմական կրթությունը, սոցիալական և հոգեբանական աջակցությունը, ինչպես նաև բազմազգ զորավարժություններին համատեղ մասնակցությունը։

Առանձին ուշադրություն է դարձվել պաշտպանության ոլորտում Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափին։ Իրակլի Չիքովանին նշել է, որ եռակողմ համագործակցությունը և համատեղ զորավարժությունները ավելի են մերձեցնում երեք երկրների զինվորականներին և ամրապնդում փոխգործունակությունը։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին, պաշտպանության նախարարի և պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալները։

Պաշտոնական այցի շրջանակում Ադրբեջանի պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել Հերոսների հուշահամալիրում և հարգանքի տուրք մատուցել Վրաստանի միասնության համար մղված մարտերում զոհված հերոսների հիշատակին։ Ավելի ուշ ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Հեյդար Ալիևի հուշարձան և ծաղկեպսակ դրել այնտեղ։

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ավելի վաղ հանդիպում էր ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ