կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-01 21:52
Քաղաքական

Պատմության մեջ չկան հավերժ փաստաթղթեր. կտրելով գորդյան հանգույցը...

Պատմության մեջ չկան հավերժ փաստաթղթեր. կտրելով գորդյան հանգույցը...

Իշխանության կողմից շրջանառության մեջ են նետվել երկու պարզունակ հարցադրումներ, որոնց նպատակն է սադրել ընդդիմախոսներին ռազմատենչ հռետորաբանության և ցույց տալ ներկայիս իշխանության քաղաքականության անայլընտրանքությունը:

Առաջին հարցադրումն է՝ «Արդյո՞ք ընդունելի է իշխանության քննադատների համար նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը», իսկ երկրորդը` «Ինչպե՞ս եք ազատագրելու զավթված հայրենիքը, օրինակ` Շուշին կամ Հադրութը: Պատերա՞զմ եք սկսելու»:

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության գորդյան հանգույցը 

Անհասկանալի կարգավիճակով այս փաստաթուղթը իշխանության ձեռքում դարձել է ներքաղաքական մահակ, իսկ ընդդիմախոսների համար` գորդյան հանգույց:

Պատմության մեջ չկան հավերժ փաստաթղթեր, դրանք ստորագրվում են այդ պահի թելադրանքով եւ տվյալ պահի լուծումների համար:

Այսօր ոչ ոք չի հիշում 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, որը խախտվեց Ադրբեջանի կողմից։ Չեն հիշվում ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմաթիվ հայտարարություններ, որոնք ստորագրվել էին երեք հզոր պետությունների ներկայացուցիչների և Հայաստանի ու Ադրբեջանի կողմից։

Ձեւավորվել է նոր իրավիճակ, որի ծնունդն է այդ եռակողմ հայտարարությունը:

Բայց արդյո՞ք այսօր գործում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Խախտումներն ակնհայտ են. երկու կողմերն էլ չմնացին իրենց դիրքերում, տեղի ունեցան շփման գծի տեղաշարժեր, կողմերը չփոխանակեցին գերիներին` հայ ռազմագերիները դեռ Ադրբեջանում են, իսկ պատերազմի արյունալի փուլը ստացել է սողացող դրսեւորում ու արդեն մտել Հայաստանի տարածք՝ տալով առաջին զոհին եւ գերիներին:

Իսկ ինչո՞ւ ամբողջական չի գործում նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

Ընդհանրապես, նման փաստաթղթերը գործում են միայն ուժերի հավասարակշռության պայմաններում: Դրանով է բացատրվում 1994 թվականի հրադադարի համաձայնության եւ Բիշքեկյան արձանագրության երկարակեցությունը: Եվ ուրեմն կողմերի միջև ուժերի հավասարակշռությամբ է պայմանավորվելու նաև այն, թե գործելո՞ւ է գիշերային հայտարարությունը, թե՞ խախտվելու է այս կամ այն կողմի հայեցողությամբ:

Այսօր Ադրբեջանը կարողանում է խախտել, քանի որ Հայաստանը դա թույլ է տալիս: Հետեւաբար, այս իշխանության օրոք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շարունակվելու է օգտագործվել ի վնաս Հայաստանի շահերի:

Ի վերջո, այդ հայտարարությունն իր գլխավոր խնդիրը վաղուց լուծել է` դադարեցրել է արյունալի պատերազմը Արցախում և մտցրել խաղաղապահ ուժեր: Ուրեմն «մավրն իր գործն արել է»: Առաջ անցնելու ժամանակն է: Ադրբեջանը չհամարեց, որ 1994-ի հրադադարը խնդրի վերջնական լուծումն է: Եվ որեւէ մեկն իրավունք չունի նոյեմբերի 9-ի թղթով շարունակելու տանել հայ ազգին ստրկացման:

 

Երբ է ազատագրվում հայրենիքը 

Պարզունակ քարոզչական նախընտրական էֆեկտի նպատակով արվող երկրորդ հարցադրումը վերաբերում է հողերի վերադարձի համար ռազմական գործողությունների վերսկսմանը։ Այնինչ՝ պատերազմում հաղթում են ոչ թե այն սկսելով, այլ հաղթելու ունակ լինելով:

Ադրբեջանը հաղթեց, քանի որ գերազանցում էր Հայաստանին բազմաթիվ բաղադրիչներով․

- թշնամին ֆինանսապես, տեխնիկապես, տեխնոլոգիապես, կազմակերպվածությամբ գերազանցում էր Հայաստանին,

- Հայաստանը փչացրեց հարաբերությունները բոլոր գործընկեր պետությունների հետ, այնինչ՝ Ադրբեջանը ուներ ուժեղ դաշնակիցների բացահայտ աջակցություն:

- ադրբեջանցիներն ատում էին հայերին, իսկ հայերն ատում էին միմյանց, այնտեղ քարոզվում էր հայերի բնաջնջումը, Հայաստանում` քիրվայությունը,

- այնտեղ պետական ապարատը կայուն էր, իսկ Հայաստանում ենթարկվում էր ամենօրյա ցնցումների,

- Ադրբեջանում բանակը արդիականացվում էր, Հայաստանում` կազմաքանդվում,

- Ադրբեջանում հերոսացնում էին հային կացնահարողին, Հայաստանում դատում էին հերոսներին:

Մի պահ պատկերացրեք՝ արդյո՞ք կարող էր Ադրբեջանը մտածել պատերազմի մասին, եթե ինքը լիներ ներկայիս Հայաստանի վիճակում:

Հզոր բանակը ժամանակակից պետության մեծ փազլի կարեւորագույն կտորն է, բայց ունակ չէ ստեղծելու պատկեր առանց խճանկարի մյուս մասնիկների։

Եվ ուրեմն՝ Հայաստանն ունակ կլինի կառուցել ավելի մեծ պետություն հայրենի հողի ավելի մեծ հատվածի վրա միայն այն դեպքում, երբ էներգետիկ հզորությամբ, տրանսպորտային կարողություններով, պետական կառավարման համակարգի նախաձեռնողականությամբ և արդյունավետությամբ, դիվանագիտական լայնախոհությամբ, տնտեսական կարգով ու հասարակական համերաշխությամբ, կրթական և գիտական մակարդակով, ոգու և մշակույթի հզորությամբ, զինված ուժերի պատրաստվածությամբ կգերազանցի հակառակորդին:

 

Ինչի շուրջ կառուցել պետությունը 

Ազգային ուժերը պետք է, կտրելով գորդյան հանգույցը, դուրս գան իրենց պարտադրվող կեղծ և էժանագին մանիպուլյատիվ հարցադրումների շղթայից: Հասարակությանը պետք է ներկայացվի ազգային պետության տեսլականը, որի քաղաքական դիսկուրսում ներկայիս իշխանական խմբակը պարզապես գոյություն չունի:

Հայ հասարակությունն այս տարածաշրջանում չի կարող միավորվել նյութական արժեքների, այսինքն` ստամոքսի շուրջը: Միայն հոգեւոր արժեքներն են ունակ միավորել ազգերին եւ տանել դեպի այնպիսի պետության կառուցման, որն ունակ կլինի լուծել նաեւ բազմաթիվ նյութական խնդիրներ: Միակ հարցը, որ կարող է միավորել հայ ժողովրդին եւ տալ պայքարելու էներգիա, կորսված հայրենիքի կարոտն է եւ այն վերադարձնելու երազանքը: Այն կտա նաեւ ինքնապաշտպանական անհրաժեշտ դիմադրողականությունը։

Բոլոր նրանք, ովքեր դա համարում են «հայդատականություն» կամ արկածախնդրություն, իրականում դատապարտում են հասարակությունը տգիտության եւ որկրամոլության` կոտրելով հայերին միավորող ողնաշարը։

Անկախ Հայաստանում պահանջատիրությունը երբեք չի եղել պետական քաղաքականություն։ Մենք կորցրեցինք ոչ թե որովհետեւ առավելապաշտ էինք ու իրատես չէինք, այլ հակառակը` մենք վախեցել էինք սեփական հաղթանակից եւ իջեցրել մեր նպատակների ու պահանջների նշաձողը։

Հայ ժողովուրդը երեք տասնամյակ առաջ հաղթեց Արցախյան գոյամարտում ոչ թե ինչ-որ միջազգային փաստաթղթում նշված սկզբունքների շնորհիվ, այլ որովհետեւ 1988-1994 թվականներին ուժեղ էր հայրենիքն ազատագրելու վճռականությունը։

Ժողովուրդը կարող է դուրս գալ այսօրվա ծանր վիճակից, երբ նոր իշխանությունը վերադարձնի հայերին միավորող գաղափարը: Ազգը պետք է հավատա, որ կարող է վերագտնել իր հայրենիքը՝ թողնելով սերունդներին այն Հայաստանը, որի մասին երազել են իրենց նախնիները։

Ի  դեպ, եթե «Ղարաբաղ» կոմիտեի որոշ առաջնորդներ չէին հավատում Ադրբեջանի կազմից Արցախի դուրս գալուն, այսօր անվանելով դա «հայդատականություն», ապա հանուն ինչի՞ էին հանրահավաքներ անում՝ «Միացում» և «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսներով:

Ասիան տիրանալու մասին երազող Ալեքսանդր Մակեդոնացին պարսկական արշավանքից առաջ գորդյան հանգույցը լուծեց թրի մեկ հարվածով...

Մեծ քաղաքական գործիչը նա չէ, ով պարզունակ հաշտվողականությունը ներկայացնում է որպես խորիմաստություն։ Մեծ գործիչը նա է, ով առաջնորդում է ժողովրդին` երազանքը դարձնելով իրականություն։

 

Արա Նռանյան

Ժան Սիմոն Բարտելեմի «Ալեքսանդր Մակեդոնացին կտրում է գորդյան հանգույցը» (1776թ.)