կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-03 17:11
Քաղաքական

ԵվրԱզԵ՞Ս, թե՞ Եվրամիություն. գորդյան հանգույցը դեռ քանդված չէ

ԵվրԱզԵ՞Ս, թե՞ Եվրամիություն. գորդյան հանգույցը դեռ քանդված չէ

Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցը արդեն տևական ժամանակահատված է` գտնվում է հայկական ԶԼՄ-ների և քաղաքագետների ուշադրության կենտրոնում: Այդ հարցը, սակայն, հասարակության և իշխանության տարբեր շերտերն ընկալում են յուրովի: Շատերի համար այն քաղաքական չոր երկընտրանք է, և կողմերից մեկին նախապատվություն տալը կնշանակի հրաժարվել մյուսի հետ որևէ ձեւաչափի համագործակցությունից: Ըստ երևույթին, հարցի` նման ընկալումն է, որ սահամանափակում է թե՛ հասարակությանը և թե՛ պետությանը քաղաքական նախապատվությունների հարցում խելամիտ ուղենիշերի ձևավորման գործում, որտեղ առաջին հերթին պետք է գերակա լինեն Հայաստանի շահերը` մի կողմից հարվածի տակ չդնելով ռազմական անվտանգությունը, մյուս կողմից` տնտեսական զարգացման համար նոր հորիզոններ բացելով:

 

Ըստ քաղաքագետ Արա Պապյանի` «Армянам никуда не деться» ռուսական շատ սխալ մտածողությունն արդեն երկար տարիներ կարծրացել է նաև մեզանում: Իրականում Հայաստանի ռազմաաշխարհագրական դիրքը ռազմավարական հույժ կարևոր նշանակություն ունի առաջին հերթին Ռուսաստանի համար, քանի որ Հայաստանի հետ ռազմական համագործակցության դադարեցումը կնշանակի առնվազն 1000 կմ շառավղով կրճատել սեփական ազդեցությունը տարածաշրջանում` զրկվելով Հարավային Կովկասում դեպի Մերձավոր Արևելք տանող միակ ճանապարհից: Ռուսաստանի հետ են կապվում նաև Արցախի անվտանգության և անկախության հույսերը, այն դեպքում, երբ 90-ական թվականներին շրջափակման մեջ հայտնված և կանոնավոր բանակ չունեցող Հայաստանը Ռուսաստանի շոշափելի աջակցության բացակայության և նույնիսկ պատերազմում հայերի հաջողությանը խոչընդոտելու ու թշնամուն օժանդակելու պայմաններում ազատագրեց Արցախը: Նաեւ այն դեպքում, երբ բոլորովին վերջերս Ռուսաստանը հարվածի տակ դրեց Արցախի ռազմական անվտանգությունը` զանգվածային ոչնչացման մեծաքանակ զենք վաճառելով Ադրբեջանին և խախտելով միջազգային որոշ պայմանագրեր, որոնց համաձայն` արգելվում է կոնֆլիկտային տարածաշրջաններ նման քանակության զենքի մատակարարումը:

 

Քաղաքագետ Արա Պապյանի խոսքերով` Ռուսաստանն իր դաշնակիցների հանդեպ միշտ սխալ վերաբերմունք է ցուցաբերել` գերագնահատելով իր դիրքը վերջիններիս նկատմամբ: «Ռուսաստանն անկախատեսելի է իր արարքներում: Թե՛ նախագահ Պուտինը, թե՛ արտգործնախարար Լավրովը Սիրիային` ԱՄՆ-ի հնարավոր հարձակումներից պաշտպանելու ամպագոռգոռ հայտարարություններ էին անում: Սակայն, քաջ գիտակցելով, որ 21-րդ դարում ԱՄՆ-ը մի քանի անգամ ավելի մեծ ռազմական և տնտեսական հնարավորություններ ունի, և որ ինքը մի քանի անգամ ավելի թույլ է, քան խորհրդային ժամանակաշրջանում էր, լվաց իր ձեռքերը: Ուրեմն` մենք չենք կարող երաշխավորել, որ Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման դեպքում, նա չի կարող նույն դիրքն ընդունել Հայաստանի նկատմամբ, ինչպես դա եղավ 1917 թվականին, 1920 թվականին»,- ասում է քաղաքագետը:

 

Նույնը չի կարելի ասել ԱՄՆ-ի մասին, ով իր դաշնակիցներին պաշտպանում է ատամներով, մասնավորապես` Սիրիայի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը պայմանավորված է ինչպես նավթագազային շահերով, այնպես էլ դաշնակից Իսրայելին Իրանից և, առհասարակ, մուսուլմանական աշխարհից պաշտպանելու պատրաստակամությամբ:

 

Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումն ինչ-որ տեղ նաև արժեհամակարգերի միջև ընտրություն է: Սրանով է պայմանավորված նաև շատերի այն երկյուղը, թե Եվրոպային նախապատվություն տալը արևմտյան որոշ անցանկալի արժեքների` Հայաստան ներթափանցման լրացուցիչ պատճառ կդառնա: Ըստ Արա Պապյանի` այս հարցում մեր հասարակությունը պետք է այնքան խելամիտ լինի, որ կարողանա յուրացնել միայն մեր ազգային շահերից և մտածողությունից բխող արժեքները: Ի վերջո, դեպի Եվրոպա` Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը չի նշանակում Պուշկին կարդալուց, Չայկովսկի լսելուց հրաժարվել կամ էլ համասեռամոլությունը խթանող օրինագծեր ընդունել:

 

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ