|
Փոխարժեքներ
28 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 428.34 |
| RUB | ⚊ | ₽ 5.1797 |
| GBP | ⚊ | £ 494.66 |
| GEL | ⚊ | ₾ 137.83 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ Սարդարապատում
«Սիրելի՛ հայրենակիցներ, արժանապատի՛վ հայ ժողովուրդ,
շնորհավորում եմ Սարդարապատի ճակատամարտի վճռորոշ հաղթանակի և Հանրապետության օրվա առիթով:
Առանց չափազանցության, Մայիսի 28-ը մեր ազգային օրացույցի ամենակարևոր օրերից մեկն է։
108 տարի առաջ Հայոց ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց, գաղթական ու սովահար մեր ժողովուրդը տարածաշրջանում տիրող կատարյալ քաոսի և կայսրությունների փլուզման պայմաններում կարողացավ փոխել իր պատմության ընթացքը։ Այդ օրերին մեզ համար չկային միջազգային երաշխիքներ, չկար օրենք, չկային գծված սահմաններ։ Մենք մենակ էինք՝ դեմ հանդիման մեր ճակատագրին և մեզ բնաջնջել ցանկացող թշնամուն։ Բայց այդ կատարյալ մղձավանջի մեջ կար ամենակարևորը՝ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ խիզախությունը։
Սարդարապատում, Բաշ Ապարանում ու Ղարաքիլիսայում հայ ժողովուրդը դաշնակցական գործիչների առաջնորդությամբ համախմբվեց և կասեցրեց թուրքական բանակի առաջխաղացումը։ 600 տարվա դադարից հետո մոխիրներից հառնեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։
Այո՛, Հայաստանի Առաջին Հանրապետության ակունքներում կանգնած է Դաշնակցությունը, բայց այն դաշնակցական պետություն չէր։ Այն իր բնույթով, իր էությամբ ու առաքելությամբ ազգային պետություն էր։ Այդ Հանրապետությունը բոլոր հայերինն էր՝ առանց հասարակությունը «յուրայինների և թշնամիների» բաժանելու, որովհետև Սարդարապատում խնդիրը ոչ թե քաղաքական իշխանության, այլ հայրենիքի փրկությանն էր։
Այսօր մեզ փորձում են համոզել, թե ապրելու միակ ճանապարհը զիջելն է, ծնկի գալն ու սեփական պատմությունից և ինքնությունից հրաժարվելը։ Մեզ պարտադրում են մի կեղծ ու վտանգավոր թեզ, թե թշնամու պահանջների շարունակ բավարարումը բերելու է խաղաղության և երջանկության:
Ուզում եմ հստակ գիտակցենք. եթե 1918 թվականին մեր պետականության հիմնադիրները առաջնորդվեին այսօրվա վարչախմբի հակապետական և կապիտուլյացիոն մտածողությամբ, մենք այսօր պետականություն չէինք ունենա։ Հայաստան անունով երկիր պարզապես չէր լինի աշխարհի քարտեզի վրա։
Եթե Արամ Մանուկյանը, Թովմաս Նազարբեկյանը, Դրոն ու մեր մյուս հերոսները պայքարի փոխարեն առաջնորդվեին նիկոլական մտածողությամբ, նրանք Սարդարապատի ճակատամարտը կհամարեին «արկածախնդրություն», իսկ սեփական հողերի պաշտպանությունը՝ «անիրատեսական քայլ կամ պատերազմի սպառնալիք»։
Այդ մտածողությամբ՝
• պայքարելու փոխարեն մենք կընտրեինք հանձնվելը,
• պաշտպանվելու փոխարեն՝ նահանջը,
• արժանապատվության փոխարեն՝ ստրկությունը,
• համախմբման փոխարեն՝ պառակտումը։
Արդյունքում՝ չէր լինի Առաջին հանրապետությունը, և, որպես հետևանք, չէր լինի նաև այսօրվա Երրորդ հանրապետությունը։
Հետևաբար, Մայիսի 28-ը պարզապես ինչ-որ մի ճակատամարտում հաղթանակի օր չէ։ Մայիսի 28-ը պատմությունը բեկելու, մեր մահվան դատավճիռը չեղարկելու, մեր ժողովրդի կամքի, միասնության, պայքարով սեփական ապագան որոշելու խորհրդանիշն է։
Մայիս 28-ը ապացույց է, որ պարտությունը կարող է շրջվել հաղթանակի, եթե կա միասնություն, կա նպատակ և կա ազգանվեր առաջնորդություն:
Սիրելի' հարենակիցներ,
և հենց սա է Մայիսի 28-ի մեծագույն դասը. պետության հիմքը ոչ թե թշնամու ողորմածությունն է կամ թշնամու երաշխիքը, այլ սեփական ուժը, ազգային միասնականությունն ու արժանապատվությունը։ Սարդարապատը ցույց տվեց, որ իրական խաղաղությունը նվաճվում է միայն պայքարով և դիմադրությամբ։
Այսօր մեր իրականությունը նույնքան օրհասական է, բայց մենք նահանջի տեղ չունենք։ Ինչպես 108 տարի առաջ, այսօր էլ մեր փրկության բանալին մեր ազգային կազմակերպվածության մեջ է։ Մենք թույլ չենք տալու, որ վախկոտությունն ու հանձնվողականությունը դառնան մեր ազգի դիմագիծը։
Մենք կրում ենք Սարդարապատ կերտողների, Արցախն ազատագրողների ժառանգությունը։ Մենք նրանց սերունդներն ենք։
Սիրելի' հայրենակիցներ,
այսօր իշխանության ղեկին հայտված ոհմակն իր դավաճանությունները արդարացնելու համար մեր ժողովրդին փորձում է համոզել, թե դիմադրել նշանակում է պատերազմ հրահրել։ Սա ամենամեծ սրիկայությունն է։
Մենք պատերազմ չենք ուզում, մենք բոլորից լավ գիտենք և' պատերազմի գինը, և' խաղաղության արժեքը: Մեր դիմադրությունը պատերազմի մասին չէ, մեր դիմադրությունը պատերազմը կանգնեցնելու, մեր սահմաններն ու մեր երեխաների կյանքը իրականում պաշտպանելու միակ ճանապարհն է։ Ուժեղ պետությունն է խաղաղության միակ երաշխավորը։
Մենք գիտենք, թե ինչպես վերականգնել մեր երկիրը։ Մենք ունենք դրա համար անհրաժեշտ մարդկային ներուժը, պրոֆեսիոնալների թիմն ու հստակ ծրագիրը:
Իշխանափոխությունից հետո վերածնված Հայաստանը լինելու է ոչ թե անվերջ տագնապների ու սպառնալիքների, այլ կայունության երկիր։ Երկիր, որտեղ սահմանին կանգնած կլինի ժամանակակից ու հզոր բանակ, իսկ հայ մարդը սեփական տանը կքնի հանգիստ։
Ի վերջո՝ ազգերի ճակատագրերը որոշում են ոչ թե նրանց կրած պարտությունները, այլ դրանից հետո վերականգնվելու կամքը։
Այն ազգը, որն ունի Սարդարապատ և ապրում է այդ ոգով, չի՛ կարող հանձնվել և չի' հանձնվելու։
«Սերունդնե'ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»։
Ճանաչե՛ք ձեզ որպես հաղթող, որպես սեփական հողի տեր, որպես պետություն կերտող ժողովուրդ։
Մենք կա՛նք, մենք վերականգնվելու ենք և տեր ենք կանգնելու մեր հայրենիքին։
Մենք ունենք առաքելություն՝ ուժերը միավորելու, հավատը վերականգնելու և անվտանգ ու մրցունակ Հայաստան կառուցելու:
● Հայաստան, որն ապրում է խաղաղության մեջ, բայց և պատրաստ է պաշտպանել իրեն։
● Հայաստան, որն առաջնորդվում է ազգային շահերով և տեր է իր ազգի հավաքական իրավունքներին։
● Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմությամբ և վճռական իր ապագայի հարցում։
● Հայաստան, որի հիմքը արդարությունն է, արժանապատիվ կյանքը, ազգային ինքնությունը։
Սիրելի' հայրենակիցներ, սիրելի' ներկաներ, այս պատասխանատու և խորհրդանշական վայրում ասում ենք՝
մենք կարո՛ղ ենք:
Այո, մենք կարող ենք և անելու ենք։
Կեցցե՛ Մայիսի 28-ը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ Փա՛ռք հայ ժողովրդին»։