|
Փոխարժեքներ
13 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.63 |
| EUR | ⚊ | € 431.78 |
| RUB | ⚊ | ₽ 5.0126 |
| GBP | ⚊ | £ 497.91 |
| GEL | ⚊ | ₾ 137.44 |
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննություն կանցկացնի Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով։ ԿԳՄՍ նախարարությունն այդ մասին հայտարարություն է տարածել։
«Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանում է ահազանգեր դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, սովորողների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ, ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի խախտման հետ կապված։
Նմանատիպ դեպքերից մեկը գրանցվել է այսօր՝ մայիսի 13-ին, Ապարան քաղաքում. Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի: Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։
Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաև իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու նպատակով:
Նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը և վերահաստատում է, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, ապահովեն կրթության անաչառ և չեզոք միջավայր, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո, և ցանկացած նմանատիպ դրսևորում ենթակա է լինելու պատշաճ արձագանքի և իրավական հետևանքների»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Արագածոտնի մարզում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցել են նաև դպրոցների ուսուցիչներ և կոլեկտիվներ, լրատվամիջոցների հետ զրույցում որոշ ուսուցիչներ նշել էին, որ դասերը մի փոքր շուտ են ավարտել, որպեսզի ներկա լինեն իշխող ուժի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։