կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-25 17:56
Հասարակություն

26%-ով ավելացել են դատարան ուղարկված՝ Տավուշի մարզում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերով քրեական գործերը

26%-ով ավելացել են դատարան ուղարկված՝ Տավուշի մարզում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերով քրեական գործերը

ՀՀ դատախազության և նրա տարածքային ստորաբաժանումների, քրեական հետապնդման մյուս մարմինների, իրավասու գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցությամբ շարունակվում է քրեաիրավական հետևողական պայքարը ապօրինի անտառահատումների և դրա հետ կապված կոռուպցիոն դրսևորումների դեմ:

2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործունեության արդյունքում մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 273 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 64-ով կամ շուրջ 31%-ով: Դրանցից 64-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (51 դեպք) ավելի է շուրջ 25%-ով:

Նման ցուցանիշները պայմանավորված են լատենտային բնույթ կրող նման դեպքերի բացահայտման, անտառային տնտեսության պահպանման ուղղությամբ իրականացված հետևողական աշխատանքով, ապօրինի անտառահատումների դեպքերը պատշաճ կերպով արձանագրելու, հաշվառելու ցուցանիշների բարելավմամբ:

Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված և քննվող քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 132․909․458 ՀՀ դրամ։ Դատախազության կողմից մի շարք քաղաքացիների 24 առաջարկություններ են ուղարկվել ընդհանուր 17.155.594 ՀՀ դրամի չափով վնասի վերականգնման նպատակով: Միջոցներ են ձեռնարկվում համապատասխան սուբյեկտների կողմից վնասի ամբողջական ծավալը վերականգնելու ուղղությամբ:

Բնապահպանական հանցավոր իրավախախտումների դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը պայմանավորված է նաև ՀՀ դատախազության կողմից որդեգրված՝ յուրաքանչյուր հանցավոր իրավախախտման դեպքին անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հնարավոր կոռուպցիոն ներգրավվածությունը պարտադիր քննության առարկա դարձնելու քրեական քաղաքականությունը: Դրա ազդեցությամբ բարձրանում է վերջինների զգոնությունը իրենց սպասարկման և պատասխանատվության գոտում գտնվող անտառային տնտեսությունների պահպանման, ծառահատումների դեպքերի արձանագրման, խախտումների մասին օպերատիվ կերպով իրավապահ մարմիններին տեղեկացնելու հարցում:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո հարուցվել է 4 քրեական գործ: Դրանցով իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 7.743.000 ՀՀ դրամ: Նշված քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում։

 2020թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 26%-ով ավելացել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված՝ ապօրինի ծառահատումների վերաբերյալ քննված քրեական գործերը: Մասնավորապես եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել այդպիսի 17 քրեական գործ՝ 17 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում՝ 21 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ:

Դատարանում քննված և ավարտված 10 քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 3.891.620 ՀՀ դրամ, որի մի մասը վերականգնվել է, իսկ չվերականգնված գումարը բռնագանձելու նպատակով Տավուշի մարզի դատախազության դատախազների կողմից պետական իրավասու մարմնին առաջարկվել է ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:

Նշված քրեական գործերով դատախազության կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց և մի շարք պետական մարմինների ուղարկվել է 6 հաղորդում, ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ 1 միջնորդություն: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով՝ նշված բնույթի հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով համապատասխան մարմիններին հղվել է 3 միջնորդագիրր: