կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-02 15:35
Հասարակություն

«Փոքր Մհեր» կրթահամալիրում ծառայողական քննություն կանցկացվի

«Փոքր Մհեր» կրթահամալիրում ծառայողական քննություն կանցկացվի

Տեղեկացրել էինք, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում կրքերը լարված են. 72 աշակերտ նորանշանակ տնօրենի` աշխատանքից ազատումն է պահանջում: Պատճառը, ըստ աշակերտների, տնօրենի կոպիտ խոսքերն են, որոնք վիրավորում են նրանց արժանապատվությունն ու ինքնասիրությունը:

Այսօր ԿԳՆ-ում կրթահամալիրի խորհրդի արտահերթ նիստ անցկացվեց: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ քննարկվեցին երեխաների բարձրացրած հարցերը և, առհասարակ, կրթահամալիրում առկա խնդիրները:

«Այնտեղ հաճախող երեխաները, իսկապես, դժվար երեխաներ են, և մեր հիմնական խնդիրը նրանց շահի պաշտպանությունն է: Խորհուրդը շատ մանրամասն քննարկեց հարցերը. կրթահամալիրում առկա մթնոլորտը վերջին տարիների ընթացքում կուտակված խնդիրների ամբողջությունն է: Խորհուրդը դիմեց ԿԳՆ-ին, և մենք պաշտպանության նախարարության հետ փոքրիկ հանձնախումբ կստեղծենք, որը կմտնի դպրոց` վերլուծելու բոլոր պրոբլեմները, եթե կարիք կա խորհրդի կազմում փոփոխություն կանենք, կանոնադրությունը կվերանայենք, քանի որ «Փոքր Մհերը» մեր ձեռքբերումներից մեկն է»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ կփորձեն այնպես անել, որ մանկավարժության բլոկն ավելի խորացված լինի:

Մկրտչյանը տեղեկացրեց, որ առաջին քայլը տեղում ծառայողական քննություն անցկացնելն է` իրավիճակը հասկանալու, խնդիրները վեր հանելու և արմատական լուծումներ գտնելու համար: Այդ ընթացքում կրթահամալիրի ղեկավարումը  կստանձնի ԿԳՆ-ն, և հետո կփորձեն լուծումներ գտնել: