Վաղը Սիսիանում կրկին քննական օր է: Սիսիանի ավագ դպրոցի քննական կենտրոնում անցկացվելու է 2026 թվականի բուհական ընդունելության միասնական քննություն՝ հայոց լեզվից և հայ գրականությունից։ Քննությանը մասնակցում է 40 դիմորդ։
Նրանք Սիսիան քաղաքից և հարակից գյուղերից են, ովքեր հունվարի 24-ին՝ քննական առաջին օրը, ձնաբքի պատճառով չէին կարողացել հաղթահարել Սիսիան–Գորիս ճանապարհը՝ հասնելու Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի քննական կենտրոն։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։
Նրա փոխանցմամբ՝ գնահատականները հայտնի կլինեն 1–2 օրից, իսկ մինչ այդ՝ քննության ավարտից 1,5–2 ժամ հետո, ԳԹԿ-ն կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները, որպեսզի դիմորդները կարողանան ինքնուրույն հաշվարկել իրենց քննական միավորները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ եղանակային պայմանների պատճառով Սյունիքում դիմորդները խնդիրներ են ունեցել, և ոչ բոլորը կարողացել են հասնել քննական կենտրոն։ Ձյան տեղումներներն ազդել են ընդունելության քննությունների ընթացքի վրա․ 158 դիմորդից Գորիսում քննություն է հանձնել 118-ը։ ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ մնացած 40 դիմորդները Սիսիանի տարածաշրջանից են և հնարավորություն չեն ունեցել հասնել քննական կենտրոն։
Նրա փոխանցմամբ՝ հայոց լեզվի միասնական քննությունը մեկնարկել է ժամը 11։30-ին և կտևի 3 ժամ։ Քննության ավարտից հետո ԳԹԿ-ն կքննարկի բացակայածներին լրացուցիչ հնարավորություն տալու հարցը, քանի որ նրանք քննությունից բացակայել են իրենց կամքից անկախ հանգամանքներում։