Միասին կարող ենք
կարևոր
847 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-27 12:22
Քաղաքական

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Բագրատունու աշխատանքային այցը Մոսկվա

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Բագրատունու աշխատանքային այցը Մոսկվա

Ապրիլի 23-27-ը Ռուսաստանի Հայերի Միության հրավերով Մոսկվայում աշխատանքային այցով գտնվում էր Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Մերձավոր Արևելքի հարցերով պատասխանատու և Հայկական խորհրդարանական դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին։

Այցի շրջանակում Բագրատունին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշաքարին պսակադրության արարողությանը, որից հետո որպես հատուկ հյուր՝ բանախոսությամբ և հատուկ ուղերձով հանդես է եկել «Պրեզիդենտ հոթել»-ում կազմակերպված միջազգային համաժողովում, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության պետական այրեր, գիտական, հասարակական և քաղաքական շրջանակների, ինչպես նաև հայկական համայնքային կազմակերպությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ։

Իր ելույթում ընկեր Բագրատունին նշել է.

«111 տարի հետո էլ պատմությունը կրկնվում է Արցախում, Հայաստանի սահմաններին և Սփյուռքում, որովհետև ցեղասպան հանցագործը իր պատիժը չի ստացել։ Այսօր Սփյուռքի և Հայաստանի պատմության վերջին հարյուրամյակին թերևս ճակատագրական, անկյունադարձային, ամենավտանգավոր հանգրվանի դեմ հանդիման է կանգնել հայ ժողովուրդը թե՛ Հայաստանում, և թե Սփյուռքում։ Հայաստանի ապազգային իշխանությունները, Արցախը ադրբեջանա-թուրքական տանդեմին հանձնելուց հետո, որոնք միասնաբար կշարունակեն համաթուրանական և նեո-օսմանյան ծրագիրը Հայաստանի աշխարհատարածքում և Միջին Արևելքում։ Այսօր նաև, երբ վտանգը, թե Արցախը Հայաստան է և վերջ ասելուց հետո տեսանք, թե ինչ ճակատագրի արժանացավ Արցախը, երբ տեսնում ենք, որ ադրբեջանական զորքերը Մայր Հայաստանի տարածքն են արդեն գրավում, և երբ տեսնում ենք, որ Հայաստանի իշխանության և նրա ներկայացուցիչներն իրենց զիջողական քաղաքականությամբ օրըստօրե ավելի են տանում Հայաստանին պարտությունից պարտություն՝ ակամա հարց ենք տալիս, թե արդյո՞ք ցեղասպան թուրքը չի սկսել իր ծրագիրն իրագործել և հաջողացնել»։

Ապրիլի 25-ին Հակոբ Բագրատունին հանդիպում է ունեցել ՀՅԴ Ռուսաստանի կազմակերպության ներկայացուցիչների, ուղեկից միությունների և Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ փոխանցելով ՀՅԴ Բյուրոյի ուղերձը և ներկայացնելով այն առաջնահերթ անելիքները, որոնց իրականացումը հայրենիքի և համայն հայության համար հրամայական է ներկայիս օրհասական հանգրվանում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համահայկական կազմակերպված աշխատանքի խորացման, ազգային օրակարգի շուրջ համախմբման, ինչպես նաև սփյուռքյան կառույցների առավել համակարգված և նպատակային գործունեության հարցեր։

Ապրիլի 26-ին Հայ Առաքելական եկեղեցական համալիրի Տապան թանգարանում ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է ընդլայնված հանդիպում ընկեր Հակոբ Բագրատունու հետ, որին մասնակցել են համակիր շրջանակների, Ռուսաստանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և հասարակական գործիչներ։

Հանդիպման ընթացքում Բագրատունին անդրադարձել է հայկական սփյուռքի դերակատարությանը և մասնակցությանը ազգային շահերի պաշտպանությանն ուղղված գործընթացներում, ներկայացրել արտերկրում հայերի քաղաքական ներկայացվածության ներկա ձևաչափերը, ինչպես նաև խոսել ՀՀ կյանքում Սփյուռքի դերի լայնացման հեռանկարների մասին։

Առանձին ուշադրություն է դարձվել Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամերի ազդեցությանը տարածաշրջանի հայկական համայնքների վրա։ Քննարկվել են այդ պայմաններում հայկական կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀՅԴ կառույցների, Հայ Դատի Մերձավոր Արևելքի մարմինների և ուղեկից միությունների կողմից իրականացվող աշխատանքներն ու անվտանգության ապահովմանն ուղղված նախաձեռնությունները։

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրացնելու Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործման, հայկական քաղաքական ներկայացվածության ընդլայնման, համահայկական օրակարգի շուրջ կազմակերպված աշխատանքի խորացման, ինչպես նաև ներկայիս տարածաշրջանային մարտահրավերների պայմաններում համազգային դիմադրողականության ամրապնդման վերաբերյալ հարցեր։

Հակոբ Բագրատունու մոսկովյան աշխատանքային այցը վերածվեց համահայկական օրակարգի առանցքային խնդիրների շուրջ քաղաքական, կազմակերպչական և գաղափարական քննարկումների կարևոր հարթակի՝ վերահաստատելով ազգային համախմբման և Սփյուռք-Հայաստան համակարգված գործակցության հրատապ անհրաժեշտությունը։

Ապրիլի 26-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Բագրատունին հանդիպեց ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Եզրաս Սրբազանի հետ։ Հանդիպման ընթացքում Բագրատունին վերահաստատեց ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի գործուն աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Հայրապետին, դատապարտելով գործող իշխանությունների կողմից Եկեղեցու և նրա առաջնորդների դեմ տարվող ապազգային, հակաքրիստոնեական պայքարը։ Եզրաս Սրբազանը ողջունեց Բագրատունու ապրիլքսանչորսյան օրակարգով ամփոփված այցը Մոսկվա և իր օրհնությունը փոխանցեց Լիբանանի և Մերձավոր Արևելքի հայությանը։