Միասին կարող ենք
կարևոր
457 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-17 22:29
Հասարակություն

Արցախի պաշտոնական պատվիրակությունը Բրյուսելում էր. Հայ Տանը քննարկվել են արցախցիների խնդիրները, ազգային մշակույթի և ինքնության պահպանման հարցը

Արցախի պաշտոնական պատվիրակությունը Բրյուսելում էր. Հայ Տանը քննարկվել են արցախցիների խնդիրները, ազգային մշակույթի և ինքնության պահպանման հարցը

Ապրիլի 15-ին Բելգիայի հայ համայնքի սոցիալ-մշակութային կենտրոնը՝ Հայ Տունը, որը գտնվում է Բրյուսելում, հյուրընկալել է Արցախի պաշտոնական պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի խորհրդական Արա Պուլուզյանը։

Այցը հնարավորություն է տվել ծավալելու խորքային քննարկումներ՝ արցախցիների խնդիրների, բռնի տեղահանության հետևանքների և ինքնության պահպանման մարտահրավերների շուրջ։ Հանդիպմանն ընդգծվել է նաև մշակույթի դերը՝ ինքնության պահպանման հարցում։

Այս համատեքստում Հայ Տունը կարևոր դեր է կատարում՝ հանդիսանալով հայկական ազգային մշակույթի պահպանման  և տարածման կենտրոն՝ ինչպես Բելգիայում, այնպես էլ Եվրոպայում։ Կարեն Թադևոսյանի նախագահությամբ, ով նաև Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների ժողովի նախագահն է, Հայ Տունը  բազմաբնույթ նախաձեռնություններ է իրականացնում այս ուղղությամբ։ Կենտրոնը կյանքի է կոչել մի շարք ծրագրեր՝ աջակցելով արցախյան մշակութային կենտրոններին, նպաստելով ավանդույթների, արվեստի և հավաքական հիշողության պահպանմանը։ Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում իրականացվել են նաև բազմաթիվ ծրագրեր՝ սոցիալական և մարդասիրական ուղղություններով։

 Հայ Տանը հյուրընկալել են մշակութային կազմակերպություններ, այդ թվում՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ։

Միաժամանակ, Հայ Տունը վերահաստատել է իր հանձնառությունը արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության գործում՝ ընդգծելով, որ ազգային մշակույթի պահպանումը անբաժանելի է ինքնության, արժանապատվության և հիշողության իրավունքից։

Կենտրոնը հայտնել է նաև իր պատրաստակամությունը՝ դառնալու արցախցիների ներկայացուցչական հարթակը Բելգիայում։