կարևոր
4093 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-20 13:06
Քաղաքական

Ազգային իշխանության օրոք կարելի կլինի լուծել պետության ինքնիշխանության պահպանման և անվտանգության ապահովման խնդիրները․ Ալյոշա Գաբրիելյան

Ազգային իշխանության օրոք կարելի կլինի լուծել պետության ինքնիշխանության պահպանման և անվտանգության ապահովման խնդիրները․ Ալյոշա Գաբրիելյան

«Ապառաժ»-ը գրում է․

Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ, ՀՅԴ մեծ ընտանիքի անդամ Ալյոշա Գաբրիելյանն «Ապառաժ»-ի հետ իր մտքերն է կիսում Արցախյան շարժումից մինչև ԱՀ անկախության հռչակում, մինչեւ մեր օրեր։

-Պարոն Գաբրիելյան, որպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ակունքներում կանգնած անձ՝ ինչպե՞ս կբնութագրեք շարժման դրդապատճառներն ու փուլ առ փուլ զարգացումը։

-Միասնական, ամուր և ուժեղ հայկական պետականություն ստեղծելու և ունենալու գաղափարը, շատ հավանական է, Տիգրան Մեծից է դարեր շարունակ փոխանցվել բոլոր ժամանակների սերունդներին։ Արցախ նահանգի հայության շրջանում այն ավելի է եղել արտահայտված, ու այդ ամենի ապացույցը մեր պատմական հողում դարեր շարունակ բնակվելու, արարելու ապացույցներն են, մեր պատմական շեներն են, մեր պատմամշակութային արժեքներն են և, վերջապես, մեր արցախյան համով֊հոտով, քաղցրածոր բարբառն է։ Մարդկային քաղաքակրթական միտքն ու զարգացվածությունը պատմական տարբեր ժամանակաշրջաններում իր տեղն է զիջել ուժին, զորբայությանը, որին և զոհ են դարձել փոքր ազգերն ու ժողովուրդները։ 19֊րդ դարի երկրորդ կեսից սկսած՝ փոքր ու ճնշված ազգերն ու ազգությունները սկսեցին ազգային զարթոնք ապրել, սկիզբ առան ազգային֊ազատագրական պայքարի միջոցով անկախություն ձեռք բերելու շարժումները։ Հայերիս համար Առաջին Հանրապետության ծնունդն այդ ամենի վառ ապացույցն էր։ Արցախն այդ տարիներին ևս ունեցավ ազգային զարթոնք և, փաստորեն, մինչև խորհրդայնացումը` թուրքերի դեմ անհաշտ պայքարի շնորհիվ պահպանում էր իր կիսանկախ կարգավիճակը։ Միասնական Հայաստանի Հանրապետություն ստեղծելու տենչն ու ցանկությունը, մի շարք օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, անհնար էր իրականացնել։ Խորհրդային տոտալիտար համակարգում վերամիավորման մասին գրեթե անհնար էր նույնիսկ երազել, չնայած հայ մտավորականության սերուցքի կողմից միշտ էլ փորձեր էին ձեռնարկվում։ Գորբաչովյան վերակառուցումը ԽՍՀՄ տարածքում բնակվող ազգերին ու ազգություններին հնարավորություն ընձեռեց՝ հենվել ազգերի ինքնորոշման միջազգայնորեն ընդունված սկզբունքի վրա և հայտարարել ազգային֊ազատագրական պայքարի սկիզբ։

— Շարժման ո՞ր փուլն  եք կարևորում և ինչու՞։

-Առանց խորանալու Արցախյան ազգային֊ազատագրական պայքարի կազմակերպական հարցերի ու ընթացքի վրա, ցանկանում եմ կանգ առնել միայն 88֊ի փետրվարյան մի քանի առանցքային, ես կասեի` վճռական փուլերի վրա։ Հունվար ամսի վերջերին ԽՄԿԿ նիստը քննարկեց «ԼՂԻՄ-ում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին» հարցը, որտեղ գնահատվեց, որ Շարժումը սոցիալ֊տնտեսական բնույթի է, և այն կարելի է լուծել Ինքնավար մարզի սոցիալ֊տնտեսական ենթակառուցվածքները զարգացնելու ճանապարհով։ Ադրբեջանի միջամտության և ճնշման արդյունքում շարժումը որակվեց՝ որպես մի խումբ ծայրահեղականների հրահրած գործ, որը լրջորեն խոչընդոտում է ԽՍՀՄ ժողովուրդների ինտերնացիոնալ դաստիարակությանն ու բարեկամությանը։ Շարժումը փրկել էր պետք, քանզի կենտրոնի կայացրած նման որոշումը և տված գնահատականը միանգամայն հակասում էր Արցախյան շարժման բուն էությանն ու բովանդակությանը։ Այն միաժամանակ ենթադրում էր շարժման ակտիվիստների նկատմամբ ճնշումների բանեցում, ուժի կիրառում և շարժման հետզհետե մարում։ Կոնկրետ Ասկերանի նախաձեռնող խմբի օրինակով կարող եմ վստահաբար հայտարարել, որ շարժումը փրկեց ժողովուրդը, երբ կայացվեց միակ և ճիշտ որոշումը` ակտիվին հանել փողոց ու հրապարակ։ Ադրբեջանից ժամանած մի խումբ էմիսարների պահանջով նախ շրջկենտրոններում, այնուհետև նաև մարզկենտրոնում տեղի ունեցան կոմունիստական կուսակցության շրջանային և մարզային բյուրոների նիստեր, որտեղ հավանության արժանացան կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստի կայացրած որոշումը։ Նիստերին զուգահեռ՝ փետրվարի 12֊ին շրջկենտրոններում, փետրվարի 13֊ին Ստեփանակերտում տեղի ունեցան ոչ այնքան մարդաշատ հանրահավաքներ։ Չնայած գործադրած ճնշումներին՝ Արցախի իրավապահ մարմինները հրաժարվեցին ուժ կիրառել սեփական ժողովրդի հանդեպ։ Դա մեծագույն հաղթանակ էր, որը հիմք դրեց ստեփանակերտյան հուժկու հանրահավաքների և ցույցերի անցկացմանը։

֊Ձեր նկարագրածից պարզ երևում է, որ Շարժման հաջողության հիմնական «մեղավորը» 88֊ի փետրվարյան համաժողովրդական հզոր կամարտահայտությունն էր․․․

֊Այո՛, դա այդպես էր։ Եթե ժողովուրդը հոծ զանգվածներով դուրս չգար Վերածննդի հրապարակ, կմարեր այն իր խորանում, ավելի ճիշտ՝ կճնշվեր՝ ԽՍՀՄ  ներքին զորքերի և ադրբեջանական հատուկ ջոկատայինների միջնորդավորված գործողություններով պայմանավորված։ Այդ ամենը դրսևորվեց նաև հետագա ամիսներին ու տարիներին, մինչև այն ժամանակահատվածը, երբ ցույցերին հաջորդեց զինված հակամարտությունը։ Պետք է արժանին մատուցել մեր ինքնապաշտպանական ջոկատներին, որոնք կազմավորվում էին թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում` կամավորության սկզբունքով, հայ երիտասարդների հոծ մասնակցությամբ։

֊Պարոն Գաբրիելյան, եկեք միասին վերադառնանք մեր օրեր, երբ ավելի քան երեսուն տարվա պետականություն հիմնադրելուց հետո խարխլվեց ամեն ինչ, և իր պատմական հողում տասնյակ դարեր շարունակ բնակվող հայը ստիպված եղավ թողնել Հայրենիքը։ Ինչպե՞ս կգնահատեք պայքարն այս բարձունքից և ինչպիսի՞ հետևությունների կարելի է հանգել։

֊ Ցավով եմ անդրադառնում ընդհանրապես արցախյան բոլոր իրադարձություններին` անկախ ժամանակից և տեղից։ 88֊ի Արցախյան ազգային֊ազատագրական շարժումն ու պետական անկախության համար հետագա պայքարը, հերոսամարտն ու հաղթանակը Մայր հայրենիքում և Արցախում` հայոց պատմագրության մեջ գրվելու է ոսկե տառերով։ Այն պատմական մեծագույն արժեք ներկայացնող իրադարձություն էր, որը դասվելու է Հայկի ու Բելի, Ավարայրի, Սարդարապատի պատմական հաղթանակների շարքին։ Այն իր արժեհամակարգով նոր իրողություն էր հայության կյանքում, քանզի հիմք դրեց ազգային երկու պետական կազմավորումների գոյությանը։ Մեր օրերում, երբ արցախահայությունն ստիպված է եղել բռնագաղթել իր պատմական հողից, երբ Արցախի ու արցախահայերի նկատմամբ ՀՀ գործող իշխանական համակարգը տարել ու տանում է միանգամայն խտրական քաղաքականություն, երբ ցանկանում են մոռացության տալ պատմական մեր հայրենիքի գոյությունը, անցած ուղին, այն ամենը, ինչ կապ ունի ազգային արժեհամակարգի, հոգևոր֊մշակութային արժեքների հետ, 88֊ի շարժումը, թշնամու դեմ տարած պատմական հաղթանակը մեր օրերում նոր իմաստ ու բովանդակություն է ձեռք բերում։

— Պարոն Գաբրիելյան, ՀՀ -ում փախստականի կարգավիճակով բնակվող արցախահայերի մի մասը կորցրել է հարազատ տունը վերադառնալու հույսն ու հավատը։ Ինչպիսի՞ խորհուրդներ ունեք նրանց տալու։

-Հայի կյանքում հույսն ու հավատը վերջում են մահանում։ Կյանքը մեր օրերում լայն քայլերով է ընթանում։ Աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում նոր աշխարհակարգ է ձևավորվելու։ Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունը,  այս իշխանությունների վարած ազգակործան քաղաքականության հետևանքով, հայտնվել է անորոշության, մշուշի մեջ։ Ժողովրդից շատ բան է կախված։ Պետք է ազգային գաղափարախոսության շուրջ ձևավորվի համաժողովրդական համախմբում, այնպես, ինչպես դա եղավ 1988 թվականին։ Այն իր հերթին պետք է ենթադրի իշխանափոխություն։ Ազգային հենքով ձևավորված նոր իշխանության օրոք կարելի կլինի լուծել պետության ինքնիշխանության ու անկախության բարելավման, անվտանգության ապահովման խնդիրները։ Նոր կառավարության գործունեության ծրագրային հիմնադրույթներից կարևորագույնը, անշուշտ, պետք է լինի արցախահայության առջև ծառացած խնդիրների լուծումը։ Հույսով և հավատով լծվենք այդ սուրբ գործին և հասկանանք վերջապես, որ միայն պայքարով կա հաջողություն և ազատություն։