|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Փաստինֆո»-ն գրում է, որ դատախազաքննչական մարմինները լծված են՝ ընդդիմադիր ուժերին ընտրություններին մասնակցությանը խոչընդոտելուն կամ առնվազն անհարմարություններ ստեղծելուն, փոխարենը՝ անհետեւանք են թողնում ընտրողներին վախեցնելու, կաշառելու իշխանությունների վարքագիծը։
Այն, որ Նիկոլ Փաշինյանի ակտիվ դերակատարությամբ արդեն իսկ կասկածի տակ է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը, աներկբա է, քանզի անգամ նրա իսկ կողմից վերահսկվող քարոզչական հանդիպումների ժամանակ քաղաքացիները չեն թաքցնում իրենց տագնապը՝ նրա չընտրվելու դեպքում հնարավոր պատերազմի համար։ Այդ թեզը, հիշեցնենք, շրջանառության մեջ է դրել հենց Փաշինյանը, ինչը նշանակում է, որ մարդիկ վախի ազդեցության տակ են քվեարկելու։ Բացի այդ՝ հրապարակավ հայտարարել է, որ ընդդիմության հիմնական առաջատար ուժի առաջնորդին ունեզրկելու է։ Սա էլ իշխանությունը ընտրությունների ժամանակ իր ընդդիմախոսների դեմ օգտագործելու բացահայտ դրսեւորում է, վարչական ռեսուրսի օգտագործում, ինչը եւս մեկ հիմք է ընտրական գործընթացի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար, բայց սրան զուգահեռ բազմաթիվ են նաեւ ՔՊ-ի կողմից ընտրողներին կաշառելու դրվագները, բարեգործության արգելքը խախտելու դրսեւորումները, որոնց եւս դատախազաքննչական մարմինները չեն արձագանքում։
Այսպես, մինչ ընդդիմադիր ուժերի շրջանում ձերբակալություններ են իրականացվում՝ իբրև ընտրակաշառքի կամ բարեգործության արգելքի խախտման մեղադրանքներով՝ ՔՊ թեկնածուն ազատորեն բարեգործության վերաբերյալ տեղեկություն է հրապարակում, Փաշինյանը՝ ուղիղ եթերում խոստումներ տալիս, թոշակներ բարձրացնուկ, իսկ դատախազությունն ու ՀԿԿ-ն ուղղակի լռում են։ Անգործության հերթական դրսեւորմանն ականատես եղանք այս օրերին։ Այն է՝ Հակակոռուպցիոն կոմիտեի բակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի անդամ Լուսինե Ավետիսյանը բարեգործության վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
Մելոյանը դիմել էր գլխավոր դատախազությանը՝ հորդորելով իր հայտարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։ Հրապարակային տրված հաղորդումը և ՔՊ-ականի վարքագիծն, իհարկե, վրիպել է իրավապահների աչքից, ընդ որում, այնաստիճան, որ անգամ մեր հարցապնդումներից հետո արդեն երկրորդ օրը շարունակում են չնկատել։ Արդեն երկրորդ օրն է «Փաստինֆո»-ն իրավապահ բոլոր կառույցներից՝ ՔԿ-ից, Դատախազությունից, Հակակոռուպցիոն կոմիտեից փորձում է պարզել, թե ի վերջո՝ ինչ ճակատագիր ունեցավ ՔՊ-ականի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ դեպքը և արդյոք նույնքան ջանասիրությամբ իրավապահները հետապնդումներ կհարուցեն, կձերբակալեն և մեղադրանք կներկայացնեն նրան, ի դեպ, վերջինս նույնպես կին է՝ ինչպես նորածնի մայր Գոհար Ղումաշյանը, ում ձերբակալել, ապա մեղադրանք են ներկայացրել և նույն կուսակցության Արտաշատի գրասենյակի ղեկավարը, ով չորս երեխայի մայր է։
Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցին՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ՔՊ-ականի կողմից բարեգործության արգելքը խախտելու մասին հաղորդում չեն ստացել, դատախազությունը գրավոր հարցում է ուզել, իսկ ՀԿԿ-ն դեռ լռում է եւ ընդհանրապես ոչինչ չի պատասխանել։
Նկատենք, որ անգամ ձեւական քննություն չեն նախաձեռնել՝ ցույց տալու, թե ստուգել են ու չի հաստատվել, այլ ուղղակի հրապարակային դեպքը փորձում են ասել, թե չեն տեսել։ Սա, փաստացի, արջի ծառայություն է Փաշինյանին ու ական՝ նրա հնարավոր քվեների տակ։