|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Երեկ՝ ապրիլի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով հայտնաբերել են Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Մրգաշեն բնակավայրի բնակիչներ 20-ամյա Ջանիկ Սիրեկանյանին և 17-ամյա Սիրեկան Սիրեկանյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են ապրիլի 13-ին իրենց համագյուղացուն դանակի մի քանի հարվածներով մահ պատճառելու մեջ, ինչից հետո դեպքի վայրից դիմել էին փախուստի։
Ֆոտոլրագրողը հայտնում է, այս պահին նրանց ոստիկանները ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Քննության ընթացքում պարզվելու է, թե նրանցից ով է դանակի հարվածներ հասցնողը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր քննիչը դիմելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Եղվարդի դատարան, որպեսզի դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի համաձայնություն տա, և եթե դատարանը բավարարի, ավագ եղբայրը կտեղափոխվի ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, իսկ կրտսերը՝ նույն քրեակատարողական ծառայության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 13-ին սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի շտապօգնությունից ահազանգ էր ստացվել, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել էր Նաիրի խոշորացված համայնքի Մրգաշեն բնակավայրի 1-ին փողոցի 8-րդ նրբանցք, որտեղ հայտնաբերել էին տղամարդու դի։
Ժամանել էին ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ ավագ քրեական օպերլիազորի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում պարզվել էր, որ մահացածը Մրգաշեն գյուղի բնակիչ 52-ամյա Արթուր Ավագյանն է։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին, որ մահացածի վրա դանակի մի քանի հարվածներ են եղել, ու նա գյուղում հարգված ու համեստ անձնավորություն էր և աշխատում էր որպես ատամնաբույժ։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի ժամանակ էլ կպարզվեր դանակի մե՞կ, թե՞ մի քանի հարվածի հետևանքով էր մահացել Ա․ Ավագյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական և համայնքային ոստիկանները ճշտել էին կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։