|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.06 |
| EUR | ⚊ | € 438.86 |
| RUB | ⚊ | ₽ 4.8219 |
| GBP | ⚊ | £ 503.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Սուրբ Աննա եկեղեցին Ծաղկազարդի տոնին լեփ–լեցուն էր և յուրաքանչյուր փոքր շարժը նկատելի էր։ Սրբապատկերները դուրս բերելու պահին եկեղեցում սկսվեց աննորմալ հրմշտոց, տպավորությունն այնպիսին էր, որ արդեն սրբապատկերներն են ներս բերում։ Երբ դեմքով շուռ եկա, տեսա, որ մուտքի մոտից ինչ-որ թիկնազոր առաջ է գալիս մաքսիմալ հրելով, մեջտեղի մասում գտնվում եին Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, հետևի մասում նորից թիկնազոր։ 20-25 մարդ փորձում են ճեղքել և առաջանալ։ Այս մասին NEWS.am–ին պատմել է եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանի հետ միջադեպի ապանատես փաստաբան Լուսինե Ավագյանը։
«Այն ընթացքում շատ վատ խոսույթ էր հնչում Փաշինյանին ուղղված, որևէ մեկը չողջունեց նրա՝ այդտեղ գտնվելը, մեկն ասում էր՝ «Եկել ես այստեղ էլ պղծես», «Անամոթ, քո տեղը չի»։ Այս ամենը վստահաբար լսելի էր Փաշինյանին։ Նույնիսկ երիտասարդ սարկավագի ձեռքերը դողում էին պատարագի իր բաժին նյութը կարդալուց, այսինքն, այդ մարդկանց համար այդքան անսպասելի էր Փաշինյանի այցը։Պատարագին իր ներկա գտնվելը մոտ 15 րոպե է տևել, որից հետո ինքը շուռ եկավ, երևի հասկացրեց, որ ուզում են դուրս գալ, բայց էլ ավելի արագ քանի որ ուզում էին շուտ դուրս գալ։Դուրս գալիս նորից հնչում էին նույն վարկաբեկիչ խոսքերը իր հասցեին ուղղված»։
Նա նշեց, որ երբ հասան այն հատվածին, որտեղ գտնվում էին Դավիթը և իր եղբայրը՝ նրանց նույնպես փորձեցին հրել։ «Հրելու ժամանակ երևի թիկնազորից ինչ-որ մեկը իրեն ինչ-որ բան էր ասում, Դավիթը բարձր ձայնով ասաց՝ «ես մեջտեղը պիտի կանգնեմ»։ Ի պատասխան դրա նրան ավելի ուժեղ հրեցին, այդ ժամանակ հստակ երևաց, որ Փաշինյանի հայացքը սևեռված է Դավիթի ուղղությամբ, և Դավիթը շատ ավելի բամբ ձայնով ասաց՝ «Տենց վրես չնայես»։
Այդ խոսքից հետո հրոցը ավելի ուժեղացավ և հետ-հետ գնալու, ընկնելու մակարդակով՝ Դավիթը առաջ բերեց ձեռքը։ Երբ ինքը առաջ բերեց, Փաշինյանը ավելի առաջ էր գտնվում, իմ ընկալմամբ, համենայնդեպս, դա ոնց որ ավելի շատ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի մեջտեղում էր, բայց որևէ մեկին ոչինչ չի կպել։ Դա եղել է բնական ռեակցիա։ Բավական է որևէ հեգեբանին հարց տաք՝ ինչ է լինում հրելու ժամանակ, ձեզ կասի, մարդը կամ ընկնում է՝ չի կարողանում դիմակայել, կամ բնազդով ցանկանում է բռնվել որ չընկնի»։Փաստաբանը նաև պատմեց, որ երբ Դավիթն ասել է՝ «Ըտենց վրես չնայես», թիկնապահը հրեց և Դավիթը բնազդով ձեռքը ավելի առաջ բերեց, դրանից անմիջապես հետո թիկնապահի կողմից հարված եղավ Դավիթի ուղղությամբ, ու կպել է այդ հարվածը, որովհետև Դավիթը այսպես ընկած վիճակում էր։ Այդ ժամանակ, ես միանգամից փորձել եմ դուրս գալ իմ շարքից ու գոռում էի, ասում էի՝ խնդրում եմ, այստեղ սադրում են, ոչ մի բան մի արեք»։
Նա պատմեց նաև, որ Փաշինյանի գնալուց հետո՝ նկատել է, որ թիկնազորի տարբեր անդամներ դեռ գտնվում էին եկեղեցում։ «Վստահաբար հաշվառում էին, թե ով արեց, ում հետ ոնց վարվեն, ոնց հաշվեհարդար տեսնեն։ Հետո տեղի ունեցավ հաղորդությունը, ստացել ենք հաղորդություն, ես գնացել եմ»։
Փաստաբանը պնդում է, որ զավեշտալի է, որ Դավիթն ու իր եղբայրը մեղադրվում են պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածով. «Իբր պարոն Փաշինյանը եկեղեցում իրականացնում էր քաղաքական գործունեություն, և ֆիզիկական բռնություն գործադրելով, Դավիթ Մինասյանը կազմակերպված խմբի կազմում որոշել է միջամտել քաղաքական գործունեության իրականացմանը: Նախ ֆիզիկական բռնություն տեղի չի ունեցել, ֆիզիկական բռնության նկարագիրը հստակ քրեական օրենսգրքով տրված է, որ պիտի հարվածը հստակ լինի, ֆիզիկական ցավը հստակ պիտի պատճառված լինի և ավելին՝ այդ հարվածները պետք է լինեն մեկից ավել։ Այսինքն, սա բացահայտ պատվեր է, քանի որ իրավաչափ գնահատական տալու դեպքում խուլիգանություն, այն էլ խմբի կազմում պետք է դրվեր վարչապետի և նրա թիկնազորի վրա, քանի որ եկեղեցին քրիստոնեական այն տեղը չէ, որ որևէ մեկը ունի պաշտոն կամ որևէ մեկը քաղաքական գործունեություն է իրականացնում։ Դա այն տեղն է, որտեղ հավատավոր մարդիկ, այդ թվում՝ վարչապետը, որի մոտքը արգելված չի, գալիս է և հաղորդակցվում են Քրիստոսի հետ։ Եթե եկեղեցում ինչ-որ մեկը բացառիկ ցինիզմ է ցույց տալիս և մարդկանց հայտնում է իր ցինիկ կարծիքը, որ ես պիտի խորանի առջևում լինեմ, ես պիտի հրմշտոցով անցնեմ, մինչև առջև գնամ, դա է խուլիգանությունը։Խուլիգանությունը այն չի, երբ մարդը որոշում է իր կանգնած տեղից չտեղաշարժվել, երբ մարդը ասում է՝ ու տենց իմ վրա մի նայի, երբ մարդուն հրում են՝ բնական պատասխան է տալիս դեպի ձեռքով առաջ։ Դա չի համարվում խուլիգանություն։ Խուլիգանությունը այն գործընթացն է, որը խաթարել է այդ պատարագի ողջ ընթացքը»։
Փաստաբանի գնահատմամբ՝ ր պատարագի ընթացքը խաթարելը միակ նպատակը չէր. «Նպատակը այն էր, որ երկար ժամանակ, օրեր շարունակ մարդիկ խոսեն այդ մասին, որ նորից մարդկանց բաժանեն երկու բանակների՝ Դավիթի կողմնակիցների և Դավիթին դեմ, որ երիտասարդ տղայի կյանքի հետ խաղալով փորձեն մնացածին նախանշան տալ, որ նայեք, յուրաքանչյուր դեպք, որը կարող է մեզ համար գնահատվի բռնություն, ունենալու է այս պատասխանը։ Բայց բռնությունը գնահատվում է քրեական օրենսգրքով։
Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ իրականացվում է վենդետա։ Սա պարզ վենդետա է այն տղայի նկատմամբ, ով որոշել էր իր տեղից չշարժվել, ով որոշել էր թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ և սևեռուն նայի իր հայացքի մեջ, ով որոշել էր, որ եթե իրեն հրում են, այո, կարող է նաև ձեռը երկարացնել։ Այստեղ որևէ հանցակազմ չկա։ Կա մի հանցակազմ, ընդամենը, որ պատարագի ամբողջ արարողակարգը Փաշինյանի և նրա թիկնազորի հետ համատեղ խուլիգանության դրվագներով խաթարվեց»,-ասաց նա։