Միասին կարող ենք
կարևոր
697 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-23 17:05
Իրավական

Մեկ տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ

Մեկ տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ

Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ` երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով` Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին գրում է «Ազատություն»։

Այս մասին հայտնում են դատախազությունից՝ նշելով, որ այն միացել է նախորդ քրեական վարույթին: Կատարվում է նախաքննություն:

Օրերս հայտնի դարձավ, որ մեկ տարեկան փոքրիկին մեկուկես ամիս պարբերաբար ծեծել են, հետո փորձել սպանել։ Իրավապահները տեղեկացրել էին, որ այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ֆիզիկական ուժեղ ցավ են պատճառել երեխային, իսկ մարտի 15-ին փորձել սպանել։

Դատարանը երկու ամսով կալանավորել է Երևանում մեկ տարեկան երկու ամսական երեխային ծեծելու և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մորը:

Իրավապահները փորձում են պարզել՝ արդյոք կալանավորված խորթ մորից բացի դաժան հանցանքին մեղսակից է նաև հայրը: Ոստիկանությունն ուսումնասիրում է նաև, թե ինչ պայմաններում է բնակվել երեխան, և արդյոք այդ ընտանիքում անառակաբարո բարքեր են եղել:

Երեխայի կենսաբանական մայրը 26 տարեկան է, ունի 4 երեխա, նորից հղի է: Նա «Ազատությանը» պատմել էր, որ տղային թողել է նախկին ամուսնու մոտ, որ վարձով տուն գտնի: Դատախազության փոխանցմամբ, սակայն, երեխան այդ մարդկանց մոտ բնակվել է առնվազն երեք ամիս, տղայի նկատմամբ բռնությունը հենց նրանց վարձով բնակարանում է եղել: