Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 26-ին Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածում խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու, նրան ապօրինի կերպով բերման ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել անձեռնմխելիություն ունեցող պատգամավորին՝ բռնություն գործադրելով նրա նկատմամբ։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել։
«Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր։ Վստահ եմ, որ հատկապես Ռ. Դավթյանը քաջատեղյակ էր, որ ես ԱԺ պատգամավոր եմ: Ի դեպ, Դավթյանը քաղաքացիական հագուստով էր և չէր ներկայացել։ Ճանապարհին ես իմ զարմանքն ու ընդվզումն էի արտահայտում, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ իրենք իրավունք չունեն ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու և բերման ենթարկելու, սակայն ինձ չէին արձագանքում: Արդեն բաժանմունքում ինձ տեղեկացրեցին, որ ես ․․․․ բերման չեմ ենթարկվել։ Խոսքերն ավելորդ են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Խաչատրյանը։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ ներկայացված հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակառուպցիոն կոմիտե։ Այս կառույցից էլ նշեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Թե ինչ հատկանիշներով է վարույթը նախաձեռնվել՝ կառույցից չմանրամասնեցին։