կարևոր
2179 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-11 18:21
Հասարակություն

Զինակոչիկի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպանության հոդվածով․ փորձաքննություն է նշանակվել

Զինակոչիկի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպանության հոդվածով․ փորձաքննություն է նշանակվել

Ձմեռային զորակոչի մեկնարկից 3 օր առաջ մահացած նախազորակոչիկ էրիկ Հարությունյանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նա նաեւ հավելել է. «Տեղի ունեցած մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Է․ Հ․-ի մահվան պատճառը, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Վերոնշյալ հասցեում կատարվել է դեպքի վայրի զննություն:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալներով տվյալ պահին տուժողը գտնվել է իր քրոջ և նրա ամուսնու՝ նշված հասցեում գտնվող տանը, նրանց հետ միասին: Կանչված շտապօգնության բրիգադը տուժողին ցուցաբերել է առաջին օգնություն ու տեղափոխել բուժհաստատություն, սակայն հիվանդանոց վերջինիս հասցվել է արդեն մահացած վիճակում։

Քրեական վարույթով հետագայում ստացվել են տվյալներ Է․ Հ․-ի մոտ առողջական խնդիրների առկայության, ինչպես նաև մինչ այդ համապատասխան բժշկական ստուգումներ անցնելու մասին։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում մահվան պատճառները պարզելու, դրան նախորդած հանգամանքներին առնչվող բոլոր, այդ թվում նաև մամուլում շրջանառվող տվյալներն ստուգելու նպատակով։

Ելնելով դրանից՝ առնչություն ունեցող բոլոր անձանց գործողությունները կստանան իրավական գնահատականներ»:

Նշենք, որ նշված հոդվածը սահմանում է՝ սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ երեկ NEWS.am-ը զրուցել էր 20-ամյա երիտասարդի հարազատների հետ, որոնք իրենց որդու մահվան համար մեղադրում էին Պաշպանության նախարարությանը։ Հարազատների խոսքով՝ զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից անտեսվել են Էրիկ Հարությունյանի հետազոտության արդյունքները, այն դեպքում, երբ, ըստ նրանց, իրեն այդ ցուցանիշներով պետք էր անհապաղ ազատել ծառայությունից եւ ուղարկել բուժման։ Սակայն նշանակում են ստացիոնալ մեկուսացված խիստ հսկողության պայմաններում զննման՝ Երեւանի թիվ 8 հիվանդանոցում:

Հարազատները պատմել են, որ արդեն երրորդ տարին էր՝ ինչ Էրիկ Հարությունյանը իր առողջական խնդիրների պատճառով տարկետվել էր զինվորական պարտադիր ծառայությունից 1 ական տարով: Նախորդ տարվա վերջին թիվ 3 զինկոմիսարիատի կողմից տրված ուղեգրերով հայտնաբերվել ԷԻՆ հիվանդություններ, մասնավորապես, զարկերակային հիպերտեզի, լյարդի եւ վահանաձեւ գեղձի մեծացում, սրտի հետազոտման հոլտեր սարքի միջոցով 2 անգամ մի քանի միլիվայրկյան գրանցված սրտի կանգ, սպիտակուցների արտահոսք։

Դեպքի առնչությամբ ավելի վաղ պարզաբանում էր տարածել Պաշտպանության նախարարությունը, նշելով, որ քաղաքացու վերաբերյալ պիտանիության որոշում կայացված չի եղել. նա կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ ախտորոշումը ճշտելու եւ փորձաքննական ճիշտ եզրակացություն կայացնելու նպատակով։

«Չեն թողել սրտի դեղը խմի»․ 20-ամյա Էրիկ Հարությունյանի մահվան մեջ ծնողները մեղադրում են ՊՆ-ին: