Միասին կարող ենք
կարևոր
973 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-23 14:01
Քաղաքական

Քաղաքացիները չեն ուզում խոսք փոխանակել մի ղեկավարի հետ, որը բերել է միայն աղետներ և կորուստներ․ Գառնիկ Դանիելյան

Քաղաքացիները չեն ուզում խոսք փոխանակել մի ղեկավարի հետ, որը բերել է միայն աղետներ և կորուստներ․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյան գրում է.

«Երեկ բոլորս ականատեսը եղանք մի ամոթալի տեսարանի, երբ Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում լեգենդար հրարուժան Մոսիյանի դստեր վրա՝ վերջինիս երեխայի ներկայությամբ։

Վարչապետի աթոռը զբաղեցնողի ցնցումները վկայում են մի բանի մասին․ շատ լավ հասկանալով, որ այլևս չունի հանրային աջակցություն՝ քննադատական խոսքի հանդիպելիս անցնում է սպառնալիքներին և վիրավորանքներին։

Այլևս չեն օգնում բեմադրված տեսարանները։ Մեր քաղաքացիները, մեծամասամբ, չեն ուզում խոսք փոխանակել մի ղեկավարի հետ, որը բերել է միայն աղետներ և կորուստներ։

Եվ հիմա, երբ աշխարհը տուրբուլենտության նոր շրջան է մտել, սա ծաղրում է մեզ և վարկաբեկում ողջ աշխարհի առաջ՝ ցուցադրելով իր սննդային նախընտրությունները։

«Աշխարհից անտեղյակ ամբոխի աչքում

Գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ մեկ է»․ Ջիվանի

Բազմիցս խոսել եմ այն մասին, որ արցախցիների հանդեպ ատելությունը համակարգված է և գեներացվում է այս իշխանությունների կողմից։ Սրանց մոտ աշխատող բլոգերներն ու ֆեյսբուքյան գրչակներն արդեն տարիներ շարունակ տարածում են ներազգային ատելություն։

Վարչակարգի ղեկավարի բերանից դուրս եկած «փախած» արտահայտությունը ամենևին պատահական չէր․ սա խոսույթ է, որը հնչել է մինչ այս էլ՝ ԱԺ նախագահի, ՔՊ-ական պատգամավորների կողմից։

Ակնհայտ է, որ արցախցիների հանդեպ ատելության քարոզը նպատակային է։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ՝ պնդում եմ, որ ատելություն, բռնություն, ներազգային պառակտում քարոզողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ կլինեն ֆեյսբուքյան օգտատերեր, թե պաշտոնյաներ։

Արցախցի մեր քույրերն ու եղբայրները պետք է իմանան, որ իրենք մենակ չեն՝ զգալով մեր ամենօրյա զորակցությունն ու աջակցությունը»։