կարևոր
5746 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-06 16:32
Քաղաքական

Ինչո՞ւ քաղաքացիները չեն կարողանում օգտվել ԵԱՏՄ-ի ընձեռած արտոնությունից․ Գառնիկ Դանիելյան

Ինչո՞ւ քաղաքացիները չեն կարողանում օգտվել ԵԱՏՄ-ի ընձեռած արտոնությունից․ Գառնիկ Դանիելյան

ԵԱՏՄ-ն մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել է անձնական օգտագործման ապրանքների անմաքս ներմուծման բարձր շեմը, գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։

«Նշեմ, որ դեռևս 2022 թվականից որոշում էր կայացվում և պարբերաբար երկարաձգվում էր, որ ֆիզիկական անձանց համար ԵԱՏՄ-ի տարածքում մինչև 31 կգ և (կամ) 1000 եվրո արժողությամբ առաքվող ապրանքների դեպքում քաղաքացիները չեն հարկվի։

Որպեսզի մեր հայրենակիցների համար ավելի պարզ լինի, նշեմ, որ խոսքը փոստային ծառայության, Ամազոն, Ալիբաբա և այլ առցանց համակարգերով ապրանքներ ձեռք բերելու և առանց մաքսազերծման ՀՀ բերելու մասին է։ Այդ համակարգերով մեր բազմաթիվ քաղաքացիներ մինչ օրս մատչելի տարբերակով ձեռք են բերել անձնական գործածման բազմատեսակ ապրանքներ։

Տեղեկացա, որ օրերս ԵԱՏՄ մակարդակով որոշում է կայացվել մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը երկարաձգելու անմաքս առևտրի շեմը։

Ինչպես նախորդ տարի, այնպես էլ` այս տարի, ՀՀ ՊԵԿ-ը մեր քաղաքացիներին այս արտոնությունից օգտվելու հնարավորություն տալու ցանկություն կարծես թե չունի։

Մինչդեռ, այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը փոխել ներքին (ազգային) օրենսդրությամբ սահմանված առավել խիստ նորմը՝ 200.000 դրամի արտոնության շեմը դարձնելով 1.000 եվրո:

Այս ոլորտում միտումնավոր անգործությունը փաստում է մի բանի մասին․ ՀՀ իշխանությունները և ՊԵԿ-ը շարունակում են պաշտպանել միմիայն խոշոր ներկրողների շահերը»։