կարևոր
271 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-09 19:34
Քաղաքական

Խնդրում ենք բանեցրեք Ձեր հեղինակությունը և վերադարձրեք հայ գերիներին. Արթուր Խաչատրյանը բարձրախոսով դիմեց ԱՄՆ փոխնախագահին

Խնդրում ենք բանեցրեք Ձեր հեղինակությունը և վերադարձրեք հայ գերիներին. Արթուր Խաչատրյանը բարձրախոսով դիմեց ԱՄՆ փոխնախագահին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ողջունել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան՝ նշելով, որ ՀՀ–ԱՄՆ հարաբերությունները Հայաստանի անկախությունից ի վեր դինամիկ աճ են արձանագրել։ Նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը պետականության կայացման գործընթացում, ինչպես նաև նշել, որ Հայաստանն ու Արցախի մեր հայրենակիցները դարձյալ ԱՄՆ աջակցության կարիքն ունեն:

Խաչատրյանի խոսքով՝ Բաքվի զնդաններում պահվում են առնվազն 19 հայեր, որոնց թվում՝ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ։ Նա նշել է, որ Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքները շինծու և անտրամաբանական են՝ ծաղր ոչ միայն հայերի, այլև ամբողջ միջազգային հանրության նկատմամբ։

Պատգամավորը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման քաղաքական բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները, այդ թվում՝ ԱՄՆ ներկայացուցիչները, բազմիցս այցելել են Արցախ և հանդիպել Արցախի ղեկավարության հետ՝ ընդգծելով․ արդյո՞ք նրանք հանդիպել են ահաբեկիչների, ցեղասպանություն գործողների կամ հանցագործների հետ։ Իհարկե՝ ոչ։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ ներկայացրել են Արցախի ժողովրդին և եղել են օրինական ընտրված ներկայացուցիչներ, որոնց լիազորությունները ճանաչվել են միջազգային հանրության կողմից։

Խաչատրյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին՝ խնդրելով օգտագործել ողջ հեղինակությունը՝ ապահովելու համար, որ հայ գերիները վերադառնան Հայաստան և միավորվեն իրենց ընտանիքների հետ։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ոչնչացնում է Արցախի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը, որը համաշխարհային մշակույթի մաս է կազմում, և որպես քրիստոնեական արժեքներ դավանող անձ դիմել է՝ կոչ անելով սանձել այդ «բարբարոսությունն ու վայրագությունները» և պաշտպանել հայկական վանքերը։

Պատգամավորի խոսքով՝ նման գործողությունների նպատակը հայերի հետքը Արցախից ջնջելն է, որպեսզի հետագայում հնարավոր լինի հայտարարել, թե այնտեղ հայ չի եղել։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է կանխել այդ գործողությունները և ապահովել Արցախի հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանությունը։

Խաչատրյանը նաև անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին՝ նշելով, որ եթե խոսվում է փոխադարձության սկզբունքի մասին, ապա Ադրբեջանը նույնպես պարտավոր է նույն պայմաններով ապահովել Հայաստանի համար անխոչընդոտ անցում։ Նրա կարծիքով՝ այս հարցը պետք է արմատապես լուծվի, և Բաքուն ու նրա հովանավորողները պետք է պարտավորություն ստանձնեն ապահովելու Հայաստանի ապաշրջափակումը։

«Հակառակ դեպքում՝ ինչպես կարող ենք խոսել հարատև խաղաղության մասին, եթե հայերը շարունակում են պահվել ադրբեջանական զնդաններում», -ասել է Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում: