կարևոր
1312 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-09 16:29
Աշխարհ

ԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և Բաքու Վենսի այցից առաջ

ԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և Բաքու Վենսի այցից առաջ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռ, Sputnik Արմենիայի հաշվարկներով, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ժամանումից առաջ ժամանել է Հայաստան և Ադրբեջան։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Երևանից նա կմեկնի Բաքու։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ինքնաթիռների մեծ մասը Երևան և Բաքու են ժամանել փետրվարի 4-8-ն ընկած ժամանակահատվածում։Մասնավորապես, մեր դիտարկումը ցույց է տվել, որ Հայաստան է ժամանել 12 ռազմատրանսպորտային ինքնաթիռ։Եվս 9 ինքնաթիռ մեկնել է Ադրբեջան։ Ինքնաթիռները ժամանել են հիմնականում ԱՄՆ-ի բազաներից՝ վերալիցքավորվելով Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում։

Գրեթե բոլոր չվերթերն իրականացվել են Boeing C-17a Globemaster III–ով՝ մինչև 77,5 տոննա ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռով: Բացի այդ, Երևան և Բաքու են թռել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների ուժերի համար նախատեսված՝ Lockheed Martin MC-130J Commando II մասնագիտացված ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։

Եվս երկու չվերթ նրանք իրականացրել են դեպի Վրաստան։

Ինքը՝ Վենսը, Իտալիայի օլիմպիական խաղերին ժամանել է 14 ինքնաթիռներից բաղկացած օդային նավատորմի կազմում։ Սակայն ԱՄՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ակտիվությունը Հայաստան և Ադրբեջան նրա այցից առաջ քննարկման առարկա է դարձել նաև Իրանի շուրջ լարվածության և նրա սահմաններին ուժեր քաշելու համատեքստում։