կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-03 13:50
Տարածաշրջան

Հայաստանը սխալ բաներ է անում. Թուրքիայի խեղճացած վարչապետի ելույթը` Բաքու այցից առաջ

Տեղեկացրել ենք, որ Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնել է Ադրբեջան: Մինչ մեկնումը Էսենբողայի օդանավակայանում մամուլի ասուլիսով հանդես եկած վարչապետի օրակարգային թեման եղել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը:

Ըստ AA-ի՝ Յըլդըրըմը հայտնել է, որ «ուսումնասիրելու են որոշումն ու տալու են անհրաժեշտ պատասխանը»: Նրա խոսքով՝ ոչ ոք չպետք է ակնկալի, որ նշյալ որոշումից հետո ամբողջովին կվատթարանան  Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները: «Սակայն, այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ չենք հետևելու այս հարցին կամ ոչինչ չենք ասելու: Չկա նման բան: Խորհրդարանի երեք խմբակցություններն արդեն հայտնել են իրենց հստակ դիրքորոշումը»,- ասել է Յըլդըրըմը:

Ըստ նրա՝ Գերմանիայի խորհրդարանն ունի 650 անդամ, իսկ բանաձևի քվեարկությանը մասնակցել է 250 անդամ, ինչն «ապացուցում է, որ մեծամասնությունը չի մարսել այդ բանաձևը»:

Յըլդըրըմի համոզմամբ՝ «Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները պատմության ամենազարգացած և ամենալավ հարաբերություններն են»: Թուրքիայի փոխվարչապետի խոսքով՝ հենց դա է պատճառը, որ էներգետիկայի և տրանսպորտային՝ տարածաշրջանում կարևոր նշանակության ծրագրերը Թուրքիան իրականացնում Է Ադրբեջանի հետ:

Յըլդըրըմն իր ելույթում չի մոռացել նաև հիշատակել Ղարաբաղը: Կրկնելով թուրք-ադրբեջանական զառանցանքները Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն օկուպացվելու» վերաբերյալ՝  նա ասել է. «Մենք ականատես եղանք, որ վերջին 25 տարում Ադրբեջանը զարգացել է իր անվտանգությունն ապահովելու և սպառնալիքները վերացնելու ուղղությամբ: Ամբողջ աշխարհը գիտի, որ Հայաստանը պատմության ընթացքում հրահրումների արդյունքում մի շարք սխալ բաներ է անում»:

Թե «սխալ բաներ» ասելով՝  ի՞նչ է նկատի ունեցել Թուրքիայի վարչապետը, մնում է անհայտ:

Ի դեպ, ուշագրավ է փաստը, որ օրեր առաջ Յըլդըրըմը շատ խանդավառ ելույթ էր ունեցել, սակայն բանաձևի ընդունման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալիս նա բավականին խեղճացել էր: