կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-10 16:30
Քաղաքական

Հայաստանի իշխանությունն այսօր, առավել քան երբևէ, վտանգել է Արցախի՝ բանակցային գործընթաց վերադառնալու հավանականությունը. քաղաքագետ. (տեսանյութ)

Քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը կարծում է՝ Հայաստանի իշխանությունն այսօր առավել, քան երբևէ վտանգել է Արցախի՝ բանակցային գործընթաց վերադառնալու հավանականությունը։

«Արցախի՝ բանակցային սեղանի շուրջը վերադառնալու դիսկուրսը սկսվեց Հայաստանի ներքաղաքական դաշտում, և Հայաստանի միջազգային գործընկերների շրջանում տպավորություն ստեղծվեց, որ փորձ է արվում ԵԱՀԿ Մինսկի համանախագահությանը հրամցնել Հայաստանի ներքին քաղաքական օրակարգը, իսկ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքին է ներառում ու մոլորակի ուժային կենտրոնների մեծ մասը։ Ըստ էության՝ այս ամենը հակազդեցություն առաջացրեց. Հայաստանի իշխանությունները փոխանակ կուլիսային բանակցությունների գնային և տևական աշխատանքով հասնեին Արցախի՝ բանակցային սեղանի շուրջը վերադարձին, ամբոխահաճո և պոպուլիստական հայտարարություններով Հայաստանում դա հռչակեցին որպես կատարված փաստ և վտանգեցին Արցախի՝ բանակցային գործընթաց վերադառնալու հնարավորությունը»,- Yerkir.am-ի հետ հարցազրույցում նշեց քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը։

Նրա ընդգծեց՝ դիվանագիտությունը չի սիրում ամբոխահաճություն, մանավանդ՝ այնպիսի հարցերում, ինչպիսին Արցախի հարցն է։

«Այս հարցում պետական պաշտոնյաները պետք է չափազանց զգույշ լինեն, նաև՝ ինչ-որ տեղ գնան սեփական վարկանիշի անկման, այդպիսի պատրաստակամություն ունենան՝ հանուն Արցախի շահի և դիվանագիտական հարաբերություններում մեր դիրքերի ամրության։ Բայց այս իշխանությունները, ինչպես գիտեք, Արցախի՝ բանակցային գործընթաց վերադարձը ներկայացրին որպես կատարված փաստ, հայտարարեցին այդ մասին։ Կարծում եմ՝ այս պարագայում Հայաստանի իշխանությունն անկարող է այդ քաղաքական խնդիրը լուծել»,- նշեց քաղաքագետը։

Գևորգ Ղուկասյանի խոսքով՝ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն անկանխատեսելի է հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մայրաքաղաքներում՝ Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում։

«Նման անկանխատեսելի արտաքին քաղաքականության պարագայում այսպիսի բարդ խնդրի իրագործմանը հասնելը, ցավոք, հնարավոր չէ, թեև ես սա ցավով եմ արձանագրում», - ընդգծեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։