|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Արարատյան Հայրապետական թեմից փոխանցում են, որ Արարատյան Հայրապետական թեմի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը «հովվական ծառայության ծանրաբեռնվածության պատճառով՝ իր դիմումի համաձայն, ս.թ. հունվարի 19-ից ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողի պարտականություններից»:
«Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհակալագիր հանձնեց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանին, որում մասնավորապես ասվում է.
«Սույն շնորհակալագրով բերում ենք մեր օրհնությունը և գնահատանքը Արարատյան Հայրապետական թեմի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ ՏԵՐ ՊԵՏՐՈՍ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՄԱԼՅԱՆԻՆ՝ որպես Հայ Եկեղեցու Արարատյան թեմի անդաստանում իր առաքելությունն իրականացնող հավատարիմ և նվիրյալ հոգևորականի»։
Նավասարդ սրբազանը նշեց, որ Տեր Պետրոսի շնորհիվ թեմում եկեղեցասեր երիտասարդների մասնակցությամբ կյանքի կոչվեցին ազգային-եկեղեցական տոներին նվիրված բազում միջոցառումներ, «Սիրո, Հավատքի և Հավատարմության ուխտերթ»-ը՝ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (20 հոկտեմբեր, 2013 թ.), և Սուրբ Հարության տոնին նվիրված ամենամյա «Կանթեղներով երթը» դեպի Հանրապետության հրապարակ:
Նավասարդ Սրբազանը նաև հոգեշահ մաղթանքներով ու օրհնություններով քաջառողջություն և արևշատ օրեր ցանկացավ Տեր Պետրոսին և իր ընտանիքին»,- ասվում է թեմի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ ԱՀԹ Երիտասարդաց միություններն ընդամենը երկու շաբաթ առաջ իրենց լիակատար աջակցությունն ու որդիական խոնարհությունն էին հայտնել հայտնում Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս․Օ.Տ․Տ. Գարեգին Երկրորդ Հայրապետին։
«Ակնհայտ է, որ այսօր Հայոց Սուրբ Եկեղեցին գտնվում է դրսից ղեկավարվող տարբեր ուժերի, խմբակների հարձակման տակ: Ինչպես միշտ, այս փորձության ժամերին էլ, որպես հավատարիմ ծառա, ամուր կանգնած ենք մեր Մայր Եկեղեցում։ Շարունակելու ենք աղոթել և գործել մեր Սուրբ Եկեղեցու միաբանության ու անսասանության համար:
Դատապարտում ենք իշխանական ռեսուրսներ, լծակներ ունեցող մարդկանց ներգրավվածությունը այս արշավին, ինչի պատճառով ընկնում է պետության վարկանիշը»,- մասնավորապես նշվում էր նրանց հայտարարության մեջ: