Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պետությունը արդեն կատարել և դեռ նախատեսում է որոշ գործառույթների թվայնացման միջոցով դատավորների ծանրաբեռնվածության նվազում, դատավորների թվի ավելացում: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը:
Բադասյանը նշեց՝ թվայնացման գործընթացն արագացվում է, ավելի ճիշտ՝ սկսվում է 0-ից: «Էլեկտրոնային եղանակով հայցի ներկայացումը, քննարկումը, վերջնական դատական ակտի կայացումը և դատական ակտը համակարգից դուրս հանելը թվայնացված չէ: Արդեն առաջին քայլն արված է, վճարման կարգադրությունների գործընթացն ամբողջությամբ թվայնացված է»,-ասաց նախարարը:
Վարչապետ հետաքրքրվեց, թե դա մարդու կյանքում ինչ է փոխում: Բադասյանն արձագանքեց՝ դա մարդու կյանքում անուղղակի փոփոխություն է մտցնում: Նա նկատեց՝ հաճախ անձն իր իրավունքների համար դիմում է դատարան, սակայն դատավորն իր վարույթում կարող է ունենալ 2000-3000 գործ, թղթաբանությունն է շատ լինում: Նախարարը նշեց՝ վճարման կարգադրությունները հիմնված են անվիճելի վճարային պարտավորությունների վրա, այսինքն` այդտեղ, որպես այդպիսին, վեճ չկա:
«Եթե դատավորը կրճատի իր ժամանակը այդ գործիքների վրա, կկարողանա ուշադրություն դարձնել այն վեճերին, որտեղ իրավունքների խախտում կա: Սրանով թեթևացնում ենք դատավորի բեռը, որպեսզի դատավորը կարողանա իրական վեճ պարունակող գործերով ավելի մեծ ուշադրություն դարձնել»,-ասաց նա ու նշեց՝ այս պահին Աջափնյակի դատարանում դա կիրառվում է, նախատեսում են կիրառել Երևանի բոլոր դատարաններում:
Վարչապետի համապատասխան որոշմամբ աշխատանքային խումբ է աշխատում քրեական դատավորության ողջ գործընթացը թվայնացնելու, տեխնիկական պահանջները մշակելու ուղղությամբ: Նախարարը տեղեկացրեց նաև, որ ԲԴԽ-ն առաջարկել է նաև 6-ով ավելացնել Վարչական, Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը, 6-ով՝ Առաջին ատյանում քաղաքացիական գործեր քննող դատավորների թիվը, որը ևս կբերի ծանրաբեռնվածության նվազեցման:
Վստահ լինելու համար, որ արժանի դատավորներն են համալրելու բարեփոխված դատական համակարգը, նախարարությունը նաև ներդրել է երկու գործիք Դատական օրենսգրքում: «Դա համարում ենք թեկնածուների բարեվարքության ստուգում: Առաջինը՝ հոգեբանական թեստավորումն է, այն հիմա էլ է իրականացվում է, սակայն դա, կարելի է ասել, որ ձևական բնույթ է կրում: Ցանկացած թեկնածու անցնելու է լուրջ ծրագրով, լավագույն միջազգային փորձով հոգեբանական թեստավորում, և ԲԴԽ-ն թեկնածության քննարկման ժամանակ ունենալու է խորհրդատվական եզրակացություն: Բարեվարքության ստուգումը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր թեկնածու լրացնում է հարցաթերթիկ, որտեղ տեղեկություններ են պարունակվում անձի նախորդ գործունեությունների, կարգապահական պատասխանատվության մասին, իր և ընտանիքի գույքային դրության մասին, օրինակ, թե իր օրինական եկամուտներով հիմնավորվում է գույքը, թե ոչ»,-ասաց նախարարը:
Փաշինյանը հարցրեց. «Իսկ այդ գույքային վիճակի հայտարարագիրը և իրականությունը համեմատելու ռեալ գործուն մեխանիզմներ ունե՞նք»:
Բադասյանը պատասխանեց՝ այո, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն ունի հասանելիություն, ֆինանսական տվյալներին մատչելիություն: