|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Մեր բանակը, որը վերակազմավորվել է 34 տարի առաջ, դրանից հետո փայլուն մարտական ուղի է անցել, անցել է, ըստ էության, երկու մեծ պատերազմների միջով և դրանց միջակայքում էլ բազմաթիվ ռազմական գործողությունների և կռվելով թվապես մեզ բազմապատիկ գերազանցող թշնամու դեմ, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում նաև թշնամական կոալիցիայի դեմ, մշտապես դրսևորել է անձնվերություն, խիզախություն, նվիրվածություն մեր հայրենիքին։ Այս մաին այսօր՝ հունվարի 28–ին, Բանակի օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Ուստի այսօր մեր բանակը մեր մեծագույն հպարտությունն է, նրա մարտիկները, մեր հերոսներն են, մեր նվիրյալներն են, և ես ուզում եմ առիթից օգտվեմ, գլուխս խոնարհեմ և ներկա, և նախկին մարտիկների առաջ, առավել ևս գլուխս խոնարհեմ նրանց առջև, որոնք իրենց կյանքով կամ առողջությամբ են հատուցել մեր ազատության, մեր արժանապատվության, մեր հայրենիքի սահմանների անխախտելիության համար»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ այսօրվա իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քանի որ մենք ՀԱՊԿ-ին էինք անդամակցում, այդ պատճառով էլ մեզ զենք-զինամթերք չէին վաճառում և Պրահայում ձեռք բերված համաձայնությունը փրկություն է համարել Հայաստանի համար, Չալաբյանն ասաց. «Չեմ կարծում, որ Պրահայում ձեռք բերված համաձայնությունը որևէ կերպ կարելի է փրկություն անվանել։ Դա շատ թյուր, միտումնավոր, ըստ էության կանխորոշիչ մեկնաբանությունը վարչապետի կողմից, որը Պրահայում ձեռք բերված համաձայնությամբ հանձնեց Արցախը, հանձնեց մեր հայրենիքի կարևորագույն հատվածը, որի համար մենք 30 տարի բոլորս միասին պայքարել ենք։
Ուստի, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չուներ մեր անունից Պրահայում այդպիսի համաձայնության գար, մեր անունից հանձներ մեր հայրենիքի մասը։ Ես համոզված եմ, որ հաջորդ սերունդները, նրանք նաև մեր սերունդը, մեր հայրենիքի այդ մասը վերջիվերջո կվերադարձնեն և կվերահայեցնեն, իսկ այն խարանը, որը թողել է Փաշինյանը, կջնջեն»։
Ինչ վերաբերում է նրան, որ ՀԱՊԿ–ին անդամակցությունը խանգարել է, որ Հայաստանը զենք ձեռք բերի դրսից, «Հայաքվեի» ներկայացուցիչն ասաց. «Հիշեցնեմ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստան մեծ թվով ռազմական մատակարարումներ սկսվեցին, և դրանք ինչ-որ չափով խզվեցին և խափանվեցին հենց նրանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Նիկոլ Փաշինյանը թող ինքը ասի՝ իր ո՞ր գործողություններն են բերել նրան, որ ՀԱՊԿ-ում մեր դիրքերը խափանվել են։ Օրինակ, թող հիշի, ինչպես է ինքը, ենթադրենք, ձերբակալել և կալանավորել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խաչատուրովին, և թող բացատրի, ինչ պատճառով էր նա դա անում։ Արդյո՞ք նա ինքը միտումնավոր չի փչացրել մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, և հիմա էլ մեղադրում է ՀԱՊԿ-ին։
Ես ՀԱՊԿ-ի փաստաբանը չեմ և պաշտպանը չեմ, բայց այս ամեն ինչը երկու-երես ունի, և Փաշինյանը թող անկեղծորեն ասի՝ իր ո՞ր գործողություններն են բերել նրան, որ մենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել ենք, իր ո՞ր գործողություններն են բերել նրան, որ ի վերջո ռազմական գործողություններ են սկսել 2020 թվականին, երբ որ մինչև այդ սեղանին կար խաղաղության պայմանագիր, որի շուրջը կար գլոբալ կոնսենսուս։ Դա հնարավորություն էր տալիս արցախյան հարցը տանել խաղաղ կարգավորման ճանապարհով։ Թող ասի՝ ինչու ինքը հրաժարվեց խաղաղ կարգավորման ճանապարհից, ինչու 2019 թվականին եղած խաղաղության փաթեթը ինքը մերժեց, թող դա բացատրի»։