կարևոր
262 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-19 16:26
Աշխարհ

Իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները

Իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները

Իսրայելական ուժերը հունվարի 19-ին մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Իսրայելական ուժերի թիրախում են հայտնվել Քֆարմելքի, ալ-Լաուայզա, Բուսլաիյա բնակավայրերը։ Բացի այդ, հրթիռակոծվել է Անսար և Զրարիե գյուղաքաղաքների միջև ընկած տարածքը։

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) հաղորդագրության համաձայն՝ հարվածներ են հասցվել հարավային Լիբանանի մի քանի շրջաններում գտնվող ռազմական կառույցներին, որոնք օգտագործվում են «Հեզբոլլահ»-ի կողմից վարժանքներ և մարզումներ անցկացնելու, ինչպես նաև Իսրայելի դեմ հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար։

«ԻՊԲ-ն նաև հարվածել է «Հեզբոլլահ»-ի` hարավային Լիբանանում գտնվող մի քանի ռազմական օբյեկտում զենք պահելու համար օգտագործվող թունելային հորերին», - նշված է հայտարարության մեջ։

Բացի այդ, հարվածներ են հասցվել մի քանի արձակման կայանքների և ռազմական կառույցների։

«ԻՊԲ-ն կշարունակի գործել Իսրայելի պետության դեմ ցանկացած սպառնալիք վերացնելու համար», - նշվում է հաղորդագության մեջ։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թ. նոյեմբերի 27-ից մինչև 2025 թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը կազմել է 5163։ Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի վաղն 300, վիրավորվել՝ շուրջ 600 Լիբանանի քաղաքացի։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։