կարևոր
952 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-15 16:46
Քաղաքական

Խոսեք նրա մասին, որ մի ամբողջ Արցախի հանձնեցիք թշնամուն՝ հազարավոր մարդկանց զրկելով Հայրենիքից ու ապագայից․ Մհեր Մելքոնյան

Խոսեք նրա մասին, որ մի ամբողջ Արցախի հանձնեցիք թշնամուն՝ հազարավոր մարդկանց զրկելով Հայրենիքից ու ապագայից․ Մհեր Մելքոնյան

Վերջին օրերին շիրակցի ՔՊ-ական երեսփոխանների բուռն քննարկման առարկա է դարձել Գյումրի քաղաքի տոնածառի հարցը։ Մինչ երկրում մարդիկ կանգնած են սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, անվտանգային մարտահրավերները մնում են չլուծված, իսկ տնտեսության իրական վիճակն օր օրի ծանրանում է, իշխանական մեծամասնությունը ժամեր է վատնում՝ տոնածառի շուրջ աղմուկ բարձրացնելու վրա։ Գրում է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

«Մի ամբողջ Արցախի Հանրապետություն հանձնեցիք թշնամուն՝ հազարավոր մարդկանց զրկելով Հայրենիքից ու ապագայից։ Այդ մասին խոսեք, այդ պատասխանատվությունն ընդունեք, այլ ոչ թե տոնածառի կամ մի քանի փողոցների մասին աղմուկ բարձրացրեք։

Ընդ որում՝ այդպես էլ չկարողացաք ընդունել, որ Գյումրիում պարտվել եք։ Ամոթ է, բայց պարտությունը գիտակցելու և հետևություններ անելու փոխարեն զբաղված եք էժանագին, անիմաստ գործողություններով ու մանր քաղաքական շոուներով։

Ավելին՝ այդպես էլ այս յոթ տարիների ընթացքում չսովորեցիք առաջնայինը երկրորդականից զանազանել։

Ձեր վարքագիծը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան կտրված եք իրական խնդիրներից և մարդկանց իսկական պահանջներից։

Երկիրը կառավարման խոր ճգնաժամի մեջ է, իսկ դուք շարունակում եք տոնածառ քննարկել։

Ամոթալի պատկեր....»։