|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Յունիբանկն անդամակցել է ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիային (Bankers Association for Finance and Trade): BAFT-ին միանալով՝ Յունիբանկն ամրապնդում է իր հանձնառությունը միջազգային ծառայությունների զարգացման գործում, ներառյալ՝ առևտրի ֆինանսավորումը, վճարային լուծումները և միջազգային փոխանցումները: Անդամակցությունը թույլ է տալիս բանկին դառնալ խոշորագույն միջազգային համայնքի մաս, մասնակցել ոլորտի ապագան ձևավորող ռազմավարական քննարկումներին, նաև իր ներդրումն ունենալ համաշխարհային առաջատար փորձի զարգացման գործում:
«Մենք ուրախ ենք միանալ BAFT-ին և ամրապնդել մեր գլոբալ ներկայությունը՝ շարունակելով բարձր մակարդակով բավարարել մեր հաճախորդների աճող պահանջմունքները և մատուցելով նրանց առաջատար ֆինանսական լուծումներ: Այս անդամակցությունն արտացոլում է միջազգային համագործակցությունն ընդլայնելու մեր շարունակական հանձնառությունը՝ կենտրոնանալով այնպիսի հիմնական ոլորտների վրա, ինչպիսիք են առևտրի ֆինանսավորումը, համապատասխանությունը, թվայնացումը և վճարային համակարգերը», - նշեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։
«Մենք ուրախ ենք ողջունել Յունիբանկին՝ որպես BAFT-ի նոր հայաստանյան անդամ, որը միացավ ավելի քան 65 երկրներում գործող 270 հաստատություններից բաղկացած մեր աճող համայնքին: Մենք անհամբեր սպասում ենք Յունիբանկի ակտիվ մասնակցությանը մեր հանձնաժողովների և ոլորտային նախաձեռնությունների աշխատանքներին», - ասաց BAFT-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոդ Բարվելը:
BAFT-ին անդամակցությունը բացում է փորձի փոխանակման, կրթական ռեսուրսներին, վերլուծական նյութերին և փորձագիտական գիտելիքներին հասանելիության լայն հնարավորություններ, ինչպես նաև նպաստում է դիրքերի ամրապնդմանը համաշխարհային ֆինանսական համայնքում։