|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Ինդոնեզիայի Սումատրա կղզում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը ուրբաթ հասել է 164-ի, որից 79-ը անհետ կորած է։ Փրկարարների ջանքերը խոչընդոտվել են վնասված կամուրջների և ճանապարհների, ինչպես նաև ծանր տեխնիկայի պակասի պատճառով, հայտնում է Associated Press-ը:
Երեքշաբթի մուսոնային անձրևների պատճառով Հյուսիսային Սումատրա նահանգում գետերը դուրս են եկել ափերից։ Ջրհեղեղները հարվածել են լեռնային գյուղերին՝ տեղահանելով մարդկանց և ողողելով ավելի քան 3200 տուն և շինություն, հայտնել է Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալությունը։
Մոտ 3000 տեղահանված ընտանիք ապաստան է գտել կառավարական ապաստարաններում։ Հյուսիսային Սումատրա նահանգում զոհերի թիվը հասել է 116-ի, իսկ Աչեհում մահացել է 25 մարդ։ Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալության ղեկավար Սուհարյանտոն հայտնել է, որ փրկարարները նաև 23 մարմին են հայտնաբերել Արևմտյան Սումատրայում։
«Տարածքի մեծ մասը ծածկած սողանքները, էլեկտրաէներգիայի անջատումները և հեռահաղորդակցության բացակայությունը խոչընդոտել են որոնողական-փրկարարական աշխատանքներին»,- ասել է Սուհարյանտոն առցանց մամուլի ասուլիսում: Նա ելույթ է ունեցել Հյուսիսային Տապանուլի շրջանի օդանավակայանից՝ աղետի մասշտաբները գնահատելու համար ավերված տարածքների վրա օդային զննում անցկացնելուց կարճ ժամանակ անց։
Ուսուցչի ազգային օրվա առթիվ իր ելույթում նախագահ Պրաբովո Սուբիանտոն նշել է, որ ուրբաթ առավոտյան շարունակվող օգնության գործողությունների շրջանակում գործի է դրվել երեք ինքնաթիռ, որոնց թվում՝ Hercules C-130 և նոր Airbus A-400, որոնք տեղափոխում են փրկարարներին, սնունդ, դեղորայք, վերմակներ, դաշտային վրաններ և գեներատորներ: