կարևոր
811 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-25 11:23
Հասարակություն

Վարդան Ղուկասյանը ՀՀ-ի ու Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան․ «Հետք»

Վարդան Ղուկասյանը ՀՀ-ի ու Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի Հանրապետության դեմ։ Նա պահանջում է ոչ միայն հերքել զրպարտություն համալրվող տեղեկությունները, այլև ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտման փաստը և վճարել փոխհատուցում։

Ռուբեն Ռուբինյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարբեր գրառումներով «կաշառակեր սրիկա» է անվանել Վարդան Ղուկասյանին այն բանից հետո, երբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ղուկասյանին մեղադրանք են առաջադրել։

Մասնավորապես՝ հրապարակումներից մեկով Ռ.Ռուբինյանը Վարդան Ղուկասյանի նկարին կից գրել է. «6 ամիս և 1 օր: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի: Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները` Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը և մյուսները: Պատասխանատու է նաև օրհնողը` Կտրիճ Ներսիսյանը` յուր իշխանազավթում տենչացող արքեպիսկոպոսներով: Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը: Թույլ չե´նք տալու»։

Դատական կարգով Վարդան Ղուկասյանը պահանջում է՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և վճարել դրա հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 500 000 դրամ։

Բացի այդ, Վ.Ղուկասյանը գտնում է, որ խախտվել է իր հիմնարար իրավունքը՝ արդար դատաքննության իրավունքը (անմեղության կանխավարկած), և դատական կարգով պահանջում է հաստատել խախտման փաստը և, որպես հիմնարար իրավունքների խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Վ.Ղուկասյանի բռնագանձել 500 000 դրամ։

Հայցադիմումը ներկայացվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոյեմբերի 24-ին և վարույթ ընդունելու մասին որոշում դեռ կայացված չէ։

Հիշեցնենք՝ 2025թ. հոկտեմբերի 20-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Վարդան Ղուկասյանին ձերբակալել են հենց համայնքապետսրանի շենքում։ Նա այժմ կալանավորված է»։