|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ․
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում բոլոր տիկնանց և օրիորդաց և շնորհավորում Կանանց տոնի առիթով։
Վերստին ուրախությունն ունենք մեծարելու մեր մայրերին ու քույրերին և արժևորելու նրանց բարի ավանդը՝ շնորհալի, ազգասեր ու հայրենասեր սերունդներ դաստիարակելու գործում, ինչպես նաև նրանց գնահատելի ձեռքբերումները գիտության ու կրթության, տնտեսության, առողջապահության և այլ կարևոր ոլորտներում։
Արդարև, այսօրվա անկայուն աշխարհում, երբ մեր ժողովուրդը ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին, ովքեր իրենց ընտանիքների հոգատարության հետ մեկտեղ նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր են ներդնում ազգային կյանքի առաջընթացի և մեր հայրենիքի զորացման համար։
Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բազումողորմ Աստված խաղաղություն պարգևի աշխարհին ու մեր հայրենիքին և Իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի մեր մայրերին ու քույրերին, որպեսզի հավատով և հույսով զորացած, շարունակեն իրենց գովարժան հանձնառություններով նպաստ բերել մեր երկրի ու մեր ժողովրդի բարօրությանը։
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ․ ամեն»։