կարևոր
2503 դիտում, 4 ժամ առաջ - 2025-11-01 12:35
Հասարակություն

Հերթական մասկի շոուն՝ ԱԱԾ հատուկ ջոկատայինների մասնակցությամբ․ «Հրապարակ»

Հերթական մասկի շոուն՝ ԱԱԾ հատուկ ջոկատայինների մասնակցությամբ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Անցած գիշեր հերթական մասկի շոուն է տեղի ունեցել՝ ԱԱԾ հատուկ ջոկատայինների մասնակցությամբ։ Այս անգամ դեպքի վայրն Էջմիածինն էր` քիմիկների հայտնի զորամասը, որտեղից մի շարք անձանց գիշերը բերման են ենթարկել։

Երեկ արդեն պարզ դարձավ, որ նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտեին, քանի որ ռազմական ոստիկանությունը, նոր կարգի համաձայն, չի կարող ձերբակալություններ իրականացնել։ «Առերեւույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է  Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- ասված է հաղորդագրության մեջ։ «Հրապարակին» հայտնի դարձավ, որ ռազմական ոստիկանությունը հաղորդում է ստացել վառելիքի յուրացման մասին,  եւ գիշերը, երբ զորամասից հերթական անգամ երկու տոննա վառելիք են փորձել հանել, ԱԱԾ աշխատակիցները վրա են հասել։

Թե ով է զորամասի հրամանատարը, չեն հայտնում։ Հայտնի է, որ նա փոխգնդապետի կոչում ունի։ Մեր տեղեկություններով, այս պահին վառելիքի յուրացման գործով բերման են ենթարկել 4-5 հոգու, այդ թվում` հրամանատարին, թիկունքի եւ ծառայության պետերին։ Փաստորեն, վառելիքի թալանը զորամասերում շարունակվում է։ Փոխվել են միայն թալանի չափերն ու մեթոդները։

Օրինակ, նախկինում բանակի ստորաբաժանումներին փաստացի տրվող վառելիքը մի քանի անգամ ավելի պակաս էր, քան ներկայացվում էր փաստաթղթերով։ «Օրինակ, տարատեսակ կոռուպցիոն հանցանքների մեջ մեղադրվող՝ այժմ հանգուցյալ գեներալ Պողոս Պողոսյանը երբ կորպուսի հրամանատար էր, յուրաքանչյուր գումարտակին պետք է տար, ենթադրենք, 30-35 տոննա վառելիք, բայց որ գնում էին վառելիքը ստանալու, 3-4 տոննա տալիս էին, մնացածը՝ ոչ, ասում էին՝ յոլա գնացեք։

Բայց տանկի, ԲՄՊ-ի մի «վիխոդի» համար 500 լիտր վառելիք էր օգտագործվում։ Արդյունքում անձնակազմի հետ պարապմունքները կրճատվում էին մի տասն անգամ։ Վառելիքն էլ ծախում էին։ Հիմա թալանի այլ սխեմաներ են, ավելի բարդ։ Հիմա մի 600 հատ փաստաթուղթ են կեղծում։ Պետք է ստացված տոննաները բաժանեն ավտոների վրա, դրանց կիլոմետրաժը, կալյոսների մաշվածությունը հաշվարկեն»,- պատմում է ՊՆ տեղեկացված աղբյուրը։