կարևոր
790 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-04 17:15
Հասարակություն

Միջադեպ՝ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում․ կա տուժած

Միջադեպ՝ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում․ կա տուժած

Հոկտեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 52 հասցեում գործող Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի տարածքում խուլիգանություն է տեղի ունեցել և կա տուժած քաղաքացի։

Քոլեջ են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է ու ճշտվել է, որ ժամը 17:35-ի սահմաններում մի խումբ երիտասարդներ նշված քոլեջի մուտքի դիմացի հատվածում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել և ծեծի են ենթարկել նշված քոլեջի ուսանողներից մեկին։

Մինչ ոստիկանները պարզում էին ծեծի ենթարկվածի ինքնությունը, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված քոլեջի մոտից «ԳՈւՎ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ նա Երևանի բնակիչ 18-ամյա Անդրանիկ Ա.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ ինքը նշված քոլեջի աստիճանների վրա վայր է ընկել, սակայն Արաբկիրի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ Անդրանիկ Ա.-ի ասածն իրականությանը չի համապատասխանում. նրան ծեծի են ենթարկել մի խումբ անձինք։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի ոստիկանությումում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։