Միասին կարող ենք
կարևոր
4969 դիտում, 7 ամիս առաջ - 2025-09-09 15:52
Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը քննարկում է Աննա Վարդապետյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հարցը. Մինասյան

«Հայաստան» խմբակցությունը քննարկում է Աննա Վարդապետյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հարցը. Մինասյան

«Հայաստան» խմբակցությունը քննարկում է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու  հարցը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ասաց, որ այս պահին դեռ վերջնական որոշում խմբակցությունում չկա։ «Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, քանի որ քննարկումները դեռ շարունակվում են, այդ թվում՝ հիմնավորումների մասին եկեք չխոսենք»։

Նա տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ Գլխավոր դատախազին պաշտոնազրկելու նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը։ «Նախագիծը մտնում է օրակարգ և Ազգային ժողովի նիստում քննարկվում է ստանդարտ կարգով, ինչպես Ազգային ժողովի այլ որոշումներ, առանց ժամկետային սահմանափակման։ Որոշումն ընդունված է համարվում ձայների 3/5 հարաբերակցությամբ»։

Դիտարկմանը, թե ակնկալո՞ւմ են, որ ՔՊ-ից պատգամավորներ իրենց կմիանան՝ նա պատասխանեց. «Եթե որոշում ընդունենք նման հարց ներկայացնել, ապա այս հարցի արծարծումը բացարձակ կապ չունի նրա հետ՝ ՔՊ-ն կմիանա՞, թե՞ չէ։ Կարևոր խնդիրներից մեկը նաև հանրությանը ներկայացնելն է Աննա Վարդապետյանի ոչ կոմպետենտ լինելը, քաղաքական շահերով առաջնորդվելը։ Թե ի՞նչ որոշում կկայացվի՝ առաջիկա քննարկումներին կարծում եմ, որոշում կլինի և դրա հիմնավորումները կներկայացնենք»։