կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-17 13:01
Քաղաքական

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը հետաձգվում է

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը հետաձգվում է

Անցած տարվա դեկտեմբերի կեսին ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որ կառավարությունը գաղտնի է պահել գազի գնի բարձրացումը` կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը, «ՀՀ բյուջեի մասին» եւ «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքները։ Այդ խախտումների գինը ավելի քան 300 միլիոն դոլարի լրացուցիչ արտաքին պարտքն է՝ ընկած ժողովրդի ուսերին։ ՀԱԿ-ը, դատապարտելով ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրության եւ օրենքների ցցուն ոտնահարումը, սեփական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունը, նախապատրաստվում է այս, ինչպես նաեւ այլ իրավախախտումների հիմքով, Սահմանադրության 84 հոդվածի համաձայն, կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում։ Կոնգրեսը խորհրդարանական ոչ իշխանական ուժերին կոչ էր անում միանալ այս նախաձեռնությանը, իսկ արտախորհրդարանական ուժերին՝ աջակցել եւ հրապարակավ պաշտպանել այն։

 

Այսօր արդեն «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Ազգային ժողովի` փետրվարի 3-ին մեկնարկելիք քառօրյա նիստերի օրակարգում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը ոչ իշխանական չորս ուժերը նիստի օրակարգ չեն մտցնելու։ Թերթը գրել էր, որ սույն որոշումն, ըստ էության, կայացված է։

 

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեցին, որ կառավարությանն անվստահություն չհայտնելու վերաբերյալ որոշում չի կայացվել: «Հարցը քննարկման փուլում է: Քննարկվում է` ներկայացնել առավել համապարփակ փաստաթուղթ այս կառավարության չակերտավոր քաջագործությունների վերաբերյալ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: