|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ռուսաստանը արտատարածքային միջանցք չի առաջարկել Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տարանցման համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նշել է, որ Վաշինգտոնի հռչակագրում ամրագրված «Թրամփի ուղու» իրականացման հարցում տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքի վերաբերյալ դրույթները հիմնարար դրույթներ են, որոնք համաձայնեցվել են Վաշինգտոնի հռչակագրից դեռ երկու տարի առաջ։ Դրանք համաձայնեցվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։
Նրա խոսքով` ռուսական կողմը «Թրամփի ուղու» վերաբերյալ մանրամասների չի տիրապետում, բայց որքանով կարելի է հասկանալ, ուղևորների և բեռների տարանցման, երթևեկության անվտանգության վերաբերյալ մանրամասները դեռևս համաձայնեցված չեն։
Զախարովան նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում հնարավոր է եղել կոնկրետ համաձայնությունների հասնել Սյունիքի տարածքով երկաթուղային տարանցման, էլեկտրոնային մաքսային հսկողության համակարգերի, մասնավորապես՝ նավիգացիոն կապարակնիքների կիրառման վերաբերյալ։ Դրանց կիրառումն այժմ ակտիվորեն փորձարկվում է երկկողմ առևտրում։