կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-16 12:33
Աշխարհ

Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը․ իսպանացի կոնգրեսականներ ու սենատորներ համատեղ հայտարարություն են տարածել

Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը․ իսպանացի կոնգրեսականներ ու սենատորներ համատեղ հայտարարություն են տարածել
Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Արցախի և Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել:

«2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, պատերազմ են սկսել Արցախի Հանրապետության դեմ:
 
Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումն ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի, ինչպես նաև զինված հակամարտությունների ընթացքում կիրառվող օրենքների կոպիտ խախտմամբ: Մասնավորապես՝ թուրք-ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ հրետակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը և քաղաքացիական օբյեկտները՝ քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու և ավերածություններ պատճառելու նպատակով: Այդ հրետակոծությունների ընթացքում խաղաղ բնակչության շարքերում վիրավորվել են նաև բազմաթիվ լրագրողներ:
 
Հայաստանի Հանրապետության պաշտոնական աղբյուրներից ստացված լուսանկարներում տեսնում ենք, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված՝ Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհիչը: Սա Թուրքիայի միջամտության վառ օրինակ է:
 
Ադրբեջանական ուժերն օգտագործում են կասետային զինամթերք և տարբեր տրամաչափերի այլ զենքեր, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է:
 
Արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության՝ անհապաղ հրադադար հաստատելու մասին մշտական կոչերը և փորձելով ուժի կիրառման միջոցով հասնել հակամարտության կարգավորմանը՝ Ադրբեջանն ու Թուրքիան մինչ օրս շարունակում են համատեղ լայնածավալ ռազմական գործողությունները:
 
Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ նպատակ ունենալով ապահովել Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը: Ներկայիս իրավիճակում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման միակ օպերատիվ մեխանիզմն է:
 
Այդ պատճառով դիմում ենք Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ որպես ժողովրդավար և միջազգային հանրության շրջանակներում կարևոր կշիռ ունեցող կառույցների, համախմբման կոչ անել բոլոր ժողովրդավարներին, մարդու իրավունքների պաշտպաններին՝ մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար:
 
Խստորեն դատապարտում ենք Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան, հատկապես՝ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությունները, ինչպես նաև՝ Թուրքիայի միջամտությունն ու սիրիացի և լիբիացի վարձկանների մասնակցությունը, մի փաստ, որն արդեն հաստատվել է Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից:
 
Կոչ ենք անում նաև պահանջել Ադրբեջանից՝ հարգել մարդու իրավունքներն ու միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները, վերջ տալ ագրեսիային և վերականգնել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»։